Սեւանա լճում ջրի մակարդակը վերջին 15 տարվա ընթացքում նվազեցվել է ընդամենը 5 անգամ: Այս մասին փետրվարի 6-ին կայացած մամուլի ասուլիսին հայտարարեց ՀՀ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը: Նրա խոսքով՝ դրանք երաշտային տարիներ էին, երբ ջրի լրացուցիչ բացթողումներ էին իրականացվում:

«2017 թվականին Սեւանում ջրի մակարդակը նվազեցվել է 4 սմ-ով, մինչ այդ՝ 2014 թվականին, մակարդակը իջեցվել է 3 սմ-ով, սակայն 2016 թվականին՝ 2015-ի համեմատ, լճի մակարդակը 27 սմ-ով ավելացվել է»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ 2017 թվականին եղանակային պայմանների պատճառով իշխանությունները որոշեցին ավելացնել Սեւանա լճից ջրի բացթողման ծավալները 100 միլիոն խորանարդ մետրով՝ մինչեւ 270 միլիոն խորանարդ մետր:

Սեւանա լիճը խմելու ջրի ամենամեծ աղբյուրն է Կովկասում: Սեւանը գտնվում է 1900 մետր բարձրության վրա, մակերեսը 1240 քառակուսի կիլոմետր է, խորությունը՝ մինչեւ 83 մետր: Լճի մեջ 28 գետ է հոսում: