Հայաստանի Արմավիրի մարզում 23 նոր խորքային հորերի հորատում եւ 14 հների շահագործում է նախատեսվում: Այս մասին փետրվարի 6-ին կայացած մամուլի ասուլիսին հայտարարեց ՀՀ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը: Ըստ նրա՝  կառավարությունը թույլ է տվել այդ միջոցառումների անցկացումը Ախուրյանի ջրամբարի ոչ լրիվ լցման պատճառով:

Պետկոմիտեի ղեկավարի խոսքով՝ ներկայումս բանակցություններ են ընթանում մի շարք ռուսաստանյան ընկերությունների հետ՝ բջջային պոմպակայանների ձեռքբերման համար: «Դա թույլ կտա ջուրը մի վայրից մյուսը տեղափոխել՝  երաշտի ժամանակ անխափան ոռոգում ապահովելու համար»,- ասաց Արսեն Հարությունյանը: