Փետրվարի 5-ին ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանն աշխատանքային այցով մեկնեց Իրանի Բուշեհր նահանգ, որտեղ հանդիպումներ ունեցավ նահանգապետ Աբդոլքարիմ Գարավանդի, տնտեսական հարցերով փոխնահանգապետ Սայիդ Զարինֆարի, առեւտրի, արդյունաբերության, հանքերի եւ գյուղատնտեսության պալատի նախագահ Խորշիդ Գազդերազիի հետ:

Բուշեհրի առեւտրի, արդյունաբերության, հանքերի եւ գյուղատնտեսության պալատում նահանգի 80 ընկերությունների տնօրենների հետ կայացած հանդիպումը նվիրված էր ՀՀ տնտեսությանը վերաբերող նյութերի եւ ծրագրերի պրեզենտացիային: Միջոցառման մասնակիցներին եւ նահանգային պետական կառույցների բոլոր ներկայացուցիչներին տրամադրվեցին տեղեկատվական փաթեթներ ՀՀ-ում ներդրումային պայմանների, ծրագրերի, ազատ գոտիների եւ մասնավորապես՝ Մեղրիի ազատ տնտեսական գոտու վերաբերյալ:

Հանդիպումների ընթացքում դեսպան Թումանյանը հանգամանորեն ներկայացրեց Հայաստանի տնտեսության առանձնահատկությունները, ներդրումային ծրագրեր իրականացնելու, ինչպես նաեւ Հայաստանը՝ որպես երրորդ երկրներ մուտք գործելու համար տնտեսական հարթակ օգտագործելու հնարավորությունները:

Դեսպան Թումանյանն այցելեց նաեւ Բուշեհրի հատուկ տնտեսական գոտու մի շարք ձեռնարկություններ, ինչպես նաեւ Բուշեհրի նավահանգիստ:

Այցի շրջանակներում դեսպան Թումանյանը նահանգապետարանի եւ Իրանի մշակութային ժառանգության, ձեռնարվեստի եւ զբոսաշրջության կազմակերպության աշխատակիցների ուղեկցությամբ եղավ նաեւ Բուշեհրի 18-րդ դարում կառուցված Սուրբ Գեւորգ եկեղեցում, որը նահանգային իշխանությունները պատրաստվում են նորոգել: