Հյուսիսային Կորեան ԱՄՆ տարածքում միջուկային զենքով հարված հասցնելու հնարավորությունից ընդամենը մի քանի քայլ հեռավորության վրա է եւ պետք է զինաթափվի: Այս մասին Ժնեւյան համաժողովի ժամանակ ասել է Զինաթափման հարցերով ԱՄՆ  դեսպան Ռոբերտ Վուդը, հաղորդում է Reuters-ը:

Նրա խոսքով՝ Փհենյանի եւ Սեուլի միջեւ դիվանագիտական ձնհալը չպետք է ոչ ոքի խաբի:

«Հյուսիսային Կորեան արագացրել է միջուկային զենքին եւ հրթիռային ներուժին իր սադրիչ ձգտումը եւ ԱՄՆ եւ նրա դաշնակիցների դեմ տարածաշրջանում միջուկային զենքի օգտագործման հստակ սպառնալիքներ է ներկայացրել», - ասել է ԱՄՆ դեսպանը:

«Հյուսիսային Կորեայի պաշտոնյաները պնդում են, որ նրանք չեն հրաժարվի միջուկային զենքից, եւ այժմ Հյուսիսային Կորեան կարող է ԱՄՆ-ին միջուկային մարտագլխիկներով բալիստիկ հրթիռներով հարվածելու հնարավորությունից մի քանի քայլ հեռավորության վրա լինել», - ասել է նա:

ԱՄՆ նոր միջուկային քաղաքականության դոկտրինը «հաստատում է, որ Հյուսիսային Կորեայի անօրինական միջուկային ծրագիրը պետք է լիովին, հուսալի եւ անշրջելիորեն վերացվի, որի արդյունքում Կորեական թերակղզում միջուկային զենք չի լինի», - ասել է դիվանագետը: