«Ելք» խմբակցությունը ստորագրահավաք է սկսում. ուզում են Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու համար խորհրդարանի արտահերթ նիստ հրավիրել: Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովի նիստում խոսել է լայն սպառման ապրանքների թանկացման մասին՝ նշելով, որ դա մեծապես կապված է Հարկային օրենսգրքի հետ: Խմբակցությունն առաջարկում է արտահերթ նիստ հրավիրել փետրվարի 16-ին: Դրա համար 27 պատգամավորի ստորագրություն է պետք: Միքայել Մելքումյանը հայտարարել է, որ 31 պատգամավոր ունեցող «Ծառուկյան» խմբակցությունը նույնպես կմիանա նախաձեռնությանը:

Շարունակելով թանկացումների թեման՝ Սերգեյ Բագրատյանը կառավարությանն է մեղադրել: Տարակուսում է. բարձրացնում են հարկերն ու հայտարարում, որ թանկացումների հետ կապ չունեն: Պատգամավորը գործադիրին ժողովրդի առջեւ ազնիվ լինելու կոչ է արել:

Ազգային ժողովն այսօր մերժել է օրակարգում ընդգրկել Նիկոլ Փաշինյանի եւ Արտաշես Գեղամյանի միջեւ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին «Ելք»-ի նախաձեռնությունը: Քվեարկությունից հետո Էդմոն Մարուքյանը հայտարարել է. հանրապետականներն անպատժելիության մթնոլորտ են տարածում:

Խորհրդարանում այսօր անդրադարձ է եղել նաեւ կառավարության նիստերը դռնփակ անցկացնելուն վերաբերող օրինագծին: Գեւորգ Պետրոսյանն ասում է՝ եթե հիմա ժողովրդավարությունից են խոսում, ո՞ւր էին 10 տարի շարունակ, երբ կառավարությունը հակաժողովրդավարական քաղաքականություն էր որդեգրել եւ նիստերը բաց էր անցկացնում:

Դավիթ Հարությունյանը վստահեցնում է, որ նիստերը դռնփակ անցկացնելու դեպքում էլ կառավարության գործունեությունը թափանցիկ կլինի: Նաեւ կարծում է, որ փակ դռների հետեւում կառավարության անդամներն ավելի անկաշկանդ կլինեն քննարկումների ժամանակ: Նախարարը կարծում է, որ կառավարության նիստերին հետեւող լրագրողները ներկայացնում են ոչ թե քննարկվող կարեւոր հարցերը, այլ սկանդալներ են փնտրում: Ի դեպ՝ նիստերը դռնփակ անցկացնելու առաջարկ Դավիթ Հարությունյանն արել է նաեւ նախկին վարչապետին, բայց Հովիկ Աբրահամյանը մերժել է:

Հայաստանի 28 քաղաքներում բնակարաններն էժանացել են, 13-ում՝ թանկացել: Հայաստանյան բնակարանային շուկայում պատկերն այսպիսին է. ամենաէժան տներն ու բնակարանները մեր երկրում Գեղարքունիքի մարզում են, ամենաթանկը՝ Կոտայքում եւ Երեւանում: Մայրաքաղաքում էլ ամենաէժան բնակարանները Նուբարաշենում են, ամենաթանկը՝ Կենտրոն վարչական շրջանում:  2017 թվականի տվյալներով՝ Հայաստանում բնակարանների առքուվաճառքի շուրջ 14 հազար գործարք է կնքվել. սա նախորդող տարվա համեմատ 20 տոկոսով ավելի է: Ընդ որում, գործարքների 81 տոկոսն իրականացվել է Երեւանում:

Աշխարհի ամենահարուստ 500 մարդիկ մեկ օրում 114 մլրդ դոլար են կորցրել: Պատճառն ԱՄՆ ֆոնդային բորսայի կտրուկ անկումն է՝ 3.8-4.6 տոկոսով: Ամենաշատը տուժել է Berkshire Hathaway ընկերության ղեկավար Ուորեն Բաֆեթը. նա մեկ օրում 5.1 մլրդ դոլար է կորցրել: Առաջին եռյակում են նաեւ Facebook-ի եւ Amazon-ի հիմնադիրները: Մարկ Ցուկերբերգը սնանկացել է 3.6 մլրդ դոլարով, Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը՝ 3.3 մլրդ-ով: Լուրջ կորուստներ են ունեցել նաեւ Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը եւ Google-ի հիմնադիրներ Լարի Փեյջն ու Սերգեյ Բրինը:

Բիթքոինը մեկ օրվա ընթացքում նվազել է 1200 դոլարով: Այսօր 1 բիթքոինն արժե շուրջ 6000 դոլար: Ընդհանուր առմամբ, 8 օրում կրիպտոարժույթը նվազել է 44 տոկոսով: Նշենք, որ 2017 թվականի դեկտեմբերի կեսերին բիթքոինը հատել էր 20 հազար դոլարի սահմանագիծը: Սակայն 2018 թվականի հունվարից տարբեր պետությունների կողմից սահմանափակումներն ազդեցին բիթքոինի արժեքի վրա:

Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է Անգլիայի առաջնության 26-րդ տուրի խորհրդանշական հավաքականում: Լոնդոնի «Արսենալի» նորեկն այնտեղ հայտնվել է Goal.com-ի եւ Whoscored-ի վարկածներով: Ավելի վաղ Հայաստանի հավաքականի կիսապաշտպանին տուրի խորհրդանշական հավաքականում ընդգրկել էր նաեւ BBC-ն: Նշենք, որ «Էվերտոնի» դեմ Պրեմիեր լիգայի 26-րդ տուրի հանդիպմանը 29-ամյա ֆուտբոլիստն առաջին անգամ հանդես եկավ «Արսենալի» մեկնարկային կազմում: Այդ խաղում Մխիթարյանը հասցրեց 3 գոլային փոխանցման հեղինակ դառնալ, իսկ լոնդոնյան ակումբը հաղթեց 5:1 հաշվով:

Դոլարը շարունակում է արժեւորվել, իսկ եվրոն էժանացել է: Փետրվարի 6-ին դոլարի փոխարժեքը կազմել է 481 դրամ, եվրոյինը՝ 597, ռուբլունը՝ 8 դրամ 44 լումա, ֆունտինը՝ 674 դրամ:

Փետրվարի 7-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երեւանում նույնպես վաղը տեղումներ չեն սպասվում: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի 0-2 աստիճան ցուրտ, ցերեկը՝ +11+13 աստիճան տաքություն: