Հայաստանի Ազգային ժողովն այսօր՝ փետրվարի 7-ին, 61 կողմ, 37 դեմ ձայներով երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց «Ոստիկանության մասին» մասին օրենքի աղմուկ հանած փոփոխությունների նախագիծը:

«Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանն իր խոսքում նշեց, որ «Ելք»-ը դեմ է քվեարկել օրինագծին, որովհետեւ այն միջամտություն է մարդու անձնական կյանքի հանդեպ հարգանքի իրավունքին եւ դա նախատեսված չի սահմանադրությամբ, ավելին անհրաժեշտ չի ժողովրդավարական հասարակարգում:

Նույն խմբակցությունից Արարատ Միրզոյանն էլ ասաց. «ՀՀ-ում ընթացող պրոցեսները եւ օրենքի նախագծերը ինձ գնալով ավելի ու ավելի հիշեցնում են բրիտանացի գրող Ջորջ Օրուելի «1984» վեպը, որտեղ տոտալ վերահսկողություն էր քաղաքացիների կյանքին:Այս օրենքը այդ տրամաբանության մեջ է»:

Ըստ էության, դեմ քվեարկեցին «Ծառուկյան» եւ «Ելք» խմբակցությունների պատգամավորները:

Հիշեցնենք, որ խոսքը վերաբերում է ոստիկանության ծառայողներին տեսաձայնագրող կամ լուսանկարահանող տեխնիկական միջոցներով արված տեսագրություններն օգտագործելու իրավունք տալուն՝ որն ուղղված է հանցագործությունները կանխելուն ու բացահայտելուն:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ըստ ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանի, «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների վերաբերյալ օրենքի նախագիծը նախատեսում է հանցագործությունը կանխելիս կամ բացահայտելիս հասարակական կարգի պահպանությունը, այդ թվում ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովելիս, ոստիկանության ծառայողներին իրավունք վերապահել օգտագործել տեսաձայնագրող կամ լուսանկարահանող տեխնիկական միջոցներ:

Ըստ այդմ, օրենքի մակարդակով կամրագրվեն տեխնիկական միջոցների ամրագրման հիմքերը, կարգը, տվյալների պահպանման ժամկետները, կապահովվի տեղեկությունների հավաքման եւ օգտագործման նպատակի լեգիտիմությունը. այսինքն կհաստակեցվեն մասնավոր կյանքի ոլորտ ոստիկանական միջամտության սահմանները: «Հաշվի առնելով տվյալների մշակման համաչափության սկզբունքը, նախագծում տվյալների պահպանման ժամկետ է ընտրվել 7 օրը, որից հետո դրանք պետք է ոչնչացվեն»,-նշել էր նա:

Այս օրինագիծը խիստ քննադատության ենթարկեցին «Ելք» եւ «Ծառուկյան» խմբակցությունները՝ նշելով, որ սրանով հնարավորություն է ստեղծվում տեսանկարահանել իշխանության քաղաքական հակառակորդներին: