Հայաստանի ազգային ժողովն այսօր՝ փետրվարի 7-ին, երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքում փոփոխությունների վերաբերյալ երկու օրինագծերը: Նրանցից մեկը ներկայացրել էր «Ելք» խմբակցությունը, մյուսը՝ բոլոր խմբակցություններից կազմված պատգամավորների խումբը:

Հատկանշական է, որ երկու օրինագիծն էլ ընդունվեցին միաձայն՝ 98-99 ձայներով:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հիշյալ օրինագծերով առաջարկվում է խստացնել տուգանքի չափը, եթե մինչեւ 21 տարեկան քաղաքացին այցելում է խաղատուն կամ մինչեւ 18 տարեկան քաղաքացին օգտվում է վիճակախաղերի ծառայություններից: Բացի այդ, առաջարկվում է վիճակախաղերի դեպքում եւս տարիքային շեմը 18-ից հասցնել 21-ի:

Ըստ այդմ, խաղատներում պարտավոր են անձը հաստատող փաստաթղթով ստուգել և արգելել 21 տարեկանից ցածր անձանց մուտքը: Բացի այդ, մոլեխաղերով հրապուրվելու հետևանքով իր ընտանիքը նյութական ծանր դրության մեջ դրած քաղաքացու գործունակությունը սահմանափակվելու դեպքում վճիռ կայացրած դատարանը դրա մասին տեղեկացնում է լիազոր մարմնին, որն էլ վճռի պատճենը ուղարկում է խաղատներ, որպեսզի արգելվի տվյալ անձի մուտքը: Այս պարտավորությունների խախտման յուրաքանչյուր դեպքի համար խաղատունը վճարելու է տուգանք. խախտման 1-ին դեպքի համար` 2 միլիոն դրամ, խախտման 2-րդ դեպքի համար` 5 միլիոն դրամ, խախտման 3-րդ դեպքի համար` 10 միլիոն դրամ, իսկ 4-րդ անգամ խախտման դեպքում, խաղատունը զրկվելու է լիցենզիայից: