Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի  համանախագահ Դեյվիդ Վալադաոն, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Բրեդ Շերմանը եւ եւս 29 անդամներ կոչ են արել ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինին բանակցել հնացած՝ սառը պատերազմյան շրջանում Հայաստանի հետ կնքված կրկնակի հարկման մասին համաձայնագիրը, որը ճանաչում է ԱՄՆ-ն, բայց ոչ Հայաստանը։

Նույն օրը Մնուչինը, պատասխանելով կոնգրեսականներին հետաքրքրող հարցին, հաստատել է, որ ֆինանսների նախարարությունն ԱՄՆ-Հայաստան կրկնակի հարկումն բացառող համաձայնագիրն ուսումնասիրելու համար միջոցներ կհատկացնի։

«Բացի կրկնակի հարկումը բացառելու անմիջական օգուտից, այդպիսի համաձայնագիրը կամրապնդի հայ եւ ամերիկացի ժողովուրդների բարեկամությունը, կհեշտացնի երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացումը՝ այդպիսով, խորացնելով Հայաստանի հարաբերությունները Արեւմուտքի հետ եւ Երեւանին տալով ռազմավարական կարեւոր հնարավորություններ եւ անկախություն տարածաշրջանային ուժերի հետ հարբերություններում»,-նշել է Հայ դատի հանձնախմբի խորհրդի անդամ Աիդա Դիմեջյանը։

«Ամերիկյան եւ հայկական բիզնեսները սերտ կապեր ունեն եւ վաղուց ժամանակն է վերջ դնել երկու ժողովուրսներին պարտադրված կրկնակի հարկումը»,-բացատրել է Վալադաոն։

Ներկայացուցիչների պալատի անդամներ Վալադոյի եւ Շերմանի նախաձեռնությանն են միացել Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը, Հետախուզության հարցերով հանձնաժողովի դեմոկրատ անդամ Ադամ Շիֆը, Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի  անդամներ Ֆրանկ Պալոնեն, Ջեքի Սփեյերը եւ եւս 25 կոնգրեսականներ։

Կոնգրեսականների նամակում նշված է, որ խորհրդային շրջանի համաձայնագիրը չի արտացոլում  հայ եւ ամերիկացի ժողովուրդների բարեկամությունը եւ կոչ է անում նախարար Մնուչիին առաջնահերթություն տալ Հայաստանի հետ կրկնակի հարկման համաձայնագրի վերանայումը։

Նշենք, որ 2015 թվականին ԱՄՆ-Հայաստան առեւտրի եւ ներդրումների շրջանակային համաձայնագրի ստորագրումից հետո հայ դատի հանձնախումբը մի շարք օրենսդիրների հետ ակտիվորեն աշխատում է, որպեսզի հասնեն Ֆինանսների նախարարության կողմից Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ կրկնակի հարկման պայմանագիրը վերանայելուն։

Նոր համաձայնագիրը ներդրողների եւ բիզնեսով զբաղվող անհատների համար պետք է հաստատի հստակ իրավական շրջանակներ՝ կանխելով կրկնակի հարկումը եւ հեշտացնելով տնտեսական հարբերությունների ծավալումը։

Նշենք, որ ԱՄՆ-ն կրկնակի հարկման բացառման համաձայնագրեր ունի  կնքած մի շատ փոքր երկրների հետ, ինչպիսիք են՝  Էստոնիան, Լատվիան, Լիտվան, Մալթան եւ Սլովենիան: Իր հերթին Հայաստանը այդպիսի համաձայնագրեր ունի այնպիսի առաջատար երկրների հետ, ինչպիսիք են՝ Ավստրիան, Բելգիան, Կանադան, Չինաստանը, Ֆրանսիան, Իտալիան, Նիդեռլանդները, Լեհաստանը, Ռուսաստանը, Միացյալ Թագավորությունը եւ այլ երկրներ: