«ՏՐԱՍԵԿԱ մուլտիմոդալ փոխադրումների զարգացման մասին համաձայնագրի հիմնական նպատակն է ստեղծել բարենպաստ պայմաններ մուլտիմոդալ փոխադրումների զարգացման համար, միջոցներ ձեռնարկել համաձայնագրի անդամ երկրների միջեւ փոխադրումների իրականացման համար գրավիչ պայմաններ սահմանելու ուղղությամբ: Այս մասին, այսօր՝ փետրվարի 7-ին, ԱԺ-ում հիշյալ համաձայնագրի 2-րդ ընթերցմամբ քննարկման ժամանակ նշեց ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Գագիկ Գրիգորյանը:
Նա տեղեկացրեց, որ համաձայնագիրը ստորագրվել է 2009 թվականի հունիսին՝ Հայաստանի (առարկությամբ), Ադրբեջանի, Վրաստանի, Տաջիկստանի եւ Ղրղզստանի միջեւ: Այն 1998-ին Բաքվում ստորագրված Եվրոպա-Կովկաս-Ասիա միջանցքի միջազգային տրանսպորտային զարգացման մասին բազմակողմ համաձայնագրի բաղկացուցիչ մասն է:
«Համաձայնագիրը կարգավորում է տրանսպորտային կազմակերպությունների, մուլտիմոդալ փոխադրումների օպերատորների, բեռներն ուղարկողների, ստացողների այլ անձանց միջեւ հարաբերությունները:
Մուլտիմոդալ փոխադրում նշանակում է առնվազն երկու տարբեր տրանսպորտային ձեւերի մասնակցությամբ բեռների փոխադրումների իրականացում:
Նման փխադրումներն իրականացվում են մուլտիմոդալ փոխադրումների օպերատորների կողմից»,-ասաց փոխնախարարը:
Համաձայնագրով Հայաստանը պարտավորվում է համաձայնագիրը կիրառել մասնակից երկրների միջեւ եւ այլ երկրների տարածքներով տարանցիկ մուլտիմոդալ փոխադրումների առնչությամբ, որոնք իրականացվում են ՀՀ-ում գրանցված փոխադրողի կողմից՝ տրանսպորտի բոլոր ձեւերի օգտագործմամբ, նաեւ ապահովել, որ մուլտիմոդալ փոխադրումների օպերատորների պատասխանատվությունը տարածվի իրենց կողմից բեռն ստանալու պահից մինչեւ բեռը փոխանցելու պահը: «Կողմերի միջեւ վեճերը պետք է լուծվեն կողմերի միջեւ բանակցությունների միջոցով: Համաձայնագիրը բաց է բոլոր երկրների համար՝ կողմերի համաձայնության դեպքում:
Հայաստանը այս համաձայնագրով ֆինանսական որեւէ պարտավորություն չի ստանձնում»,-ասաց Գագիկ Գրիգորյանը՝ հավելելով, որ համաձայնագրի առնչությամբ վերապահում ունի Ադրբեջանը, իսկ Հայաստանը ստորագրել է առարկությամբ:
Իր հերթին ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը նշեց, որ համաձայնագրին միանալով Հայաստանը դառնում է եվրոպական տրանսպորտային միջանցքների տրամաբանական շարունակություն եւ հայտնվում այդ միջանցքներում:
«Եթե հաշվի առնենք, որ այս համաձայնագիրը կարող է ընդլայնվել Իրանի միանալով, դա հավելյալ հնարավորություններ է ստեղծում Հայաստանը դարձնել տարանցիկ երկիր»,-ասաց նա:
Ուղեւորափոխադրողների համար հարկային բեռը թեթեւացնող օրինագիծն ընդունվեց 1-ին ընթերցմամբ
Խաղատներ այցելողների նկատմամբ վերահսկողությունը խստացվեց. ԱԺ-ն միաձայն ընդունեց օրինագծերը
ԱԺ-ն ընդունեց Դատական օրենսգիրքը. «Ելք»-ը դեմ էր, «Ծառուկյան» դաշինքն ազատ քվեարկեց
Խորհրդարանն ընդունեց «Ոստիկանության մասին» մասին օրենքի աղմուկ հանած փոփոխությունները