Կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում վարչապետ Կարեն Կարապետյանին ներկայացվել են ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության 2017 թ. գերակա խնդիրների կատարման եւ միջոցառումների իրականացման արդյունքները եւ 2018 թ. անելիքները:

Վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը զեկուցել է, որ նախորդ տարվա համար  նախատեսված բոլոր գերակա ծրագրերն ու միջոցառումները իրականացվել են: 2017թ. դեկտեմբերի 7-ից  ներդրվել է Հայաստանի Հանրապետության օդային տարածքում 9 հազար 5 հարյուր մետրից բարձր ժամը 00:00-ից մինչեւ 06:00-ն «Օդային մայրուղիներից ազատ օդային տարածք» (Free Route Airspace) հայեցակարգը: «ԵՎՐԱԿՈՆՏՐՈԼ» կազմակերպության ցանցային կառավարչի հետ քննարկվել են հայեցակարգի ներդրման խնդիրները եւ տրվել են համապատասխան լուծումներ: Համաձայն փաստաղթղթի՝ ավիաընկերությունները հնարավորություն կունենան ՀՀ օդային տարածք մուտք գործել յուրաքանչյուր սահմանված կետից եւ չվերթն իրականացնել ազատորեն ընտրված երթուղով, ինչն, ըստ Ավետիսյանի, կարող է կրճատել չվերթների իրականացման ծախսերը՝ էապես նվազեցնելով վառելիքի ծախսը:

Պարզեցվել եւ արդիականացվել է տեղական եւ օտարերկրյա ավիաընկերություններին օդային հաղորդակցությունների իրականացման համար թույլտվությունների տրամադրման գործընթացը․ կրճատվել են նախկինում պահանջվող փաստաթղթերի ցանկը եւ թույլտվությունների տրամադրման ժամկետները, ինչպես նաեւ ներդրվել է մեկ պատուհանի սկզբունքը: Վարչությունն ավիաընկերությունների համար բիզնես միջավայրի բարելավման եւ ընթացակարգերի պարզեցման նպատակով նախաձեռնել է հայտերի ներկայացման առցանց համակարգի ներդրում: Համակարգի ներդրման նպատակով հայտարարված մրցույթում հաղթող ճանաչված ընկերության հետ արդեն իսկ մեկնարկել են հայտերի ներկայացման առցանց համակարգի ծրագրային ապահովման մշակման աշխատանքերը: «Զվարթնոց» օդանավակայանում նոր մուտք գործող ավիաընկերությունների համար իրականացվում է սակագնային ճկուն զեղչային քաղաքականություն:  

«Մենք պետք է հասկանանք, թե որոնք են մեր թույլ տեղերը եւ ինչ պետք է շտկենք, որպեսզի կարողանանք ուղեւորահոսքն էլ ավելի մեծացնել: Թիվ մեկ խնդիրը, որին մեր ջանքերը պետք է ուղղենք՝ թռիչքների աշխարհագրությունը մեծացնելն է: Երկրորդ, մենք պետք է գնահատենք քայլերը, որպեսզի կարողանանք բյուջետային ավիաընկերություններ ներգրավել: Երբ մակրո առումով հասկանանք մեր խնդրահարույց տեղերը եւ դրանց վրա աշխատենք՝ բերելու ենք նրան, որ մեծանալու է աշխահագրությունը, ավիաչվերթերն ավելի հաջողակ են լինելու եւ այլն»,- ընդգծել է Կարեն Կարապետյանը:

Կառավարության ղեկավարն անհրաժեշտ համարել փոքր ավիացիայի զարգացումը եւ հատկապես կարեւորել դեպի Մեղրի ավիաչվերթերի գործարկումը՝ հաշվի առնելով ազատ տնտեսական գոտու առկայությունը: «Մենք մի քանի կետերով եւ ուղղություններով պետք է ունենանք փոքր ավիացիայի զարգացման ծրագիր»,- ասել է վարչապետը:

Սերգեյ Ավետիսյանը զեկուցել է, որ փոքր ավիացիայի հետ կապված արդեն իսկ ուսումնասիրություններ են իրականացվել թիրախավորված օդանավակայանների պայմանները գնահատելու եւ կոնկրետ հաշվարկներ կատարելու համար: Բացի այդ, վարչությունն աշխատում է մասնավոր գործընկերների հետ՝ հնարավոր համագործակցություն ծավալելու նպատակով:

Վարչապետ Կարապետյանը կարեւորել է նաեւ տարբեր միջազգային ավիաընկերությունների կողմից Երեւանը որպես տրանզիտային ուղղություն զարգացնելուն միտված քայլերը եւ տվել հստակ հանձնարարկաններ: Կառավարության ղեկավարը հանձնարարել է նաեւ հստակ  ձեւակերպել ավիաչվերթերի ընդլայնման, ուղեւորահոսքերի ավելացման, բյուջետային ավիաընկեությունների ներգրավման, փոքր ավիացիայի զարգացման ուղղություններով 2018 թվականի ծրագիրն ու թիրախները: