Հայաստանն արտաքին պարտքի վճարման դիմաց պարտավորվել է բնության պահպանմանն ուղղված ծրագրեր իրականացնել: Այս մասին փետրվարի 7-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ բնապահպանության փոխնախարար Խաչիկ Հակոբյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանի արտաքին պարտքը 570 մլն դոլար է կազմում, այսինքն այս գումարի մարման դիմաց Հայաստանը կլուծի իր բնապահպանական խնդիրները: «Մենք ջանք չենք խնայի միջազգային հիմնադրամներից միջոցներ ներգրավելու համար»,- նշեց Խաչիկ Հակոբյանը: Ըստ նրա՝ Հայաստան-Եվրամիություն հուշագրի շրջանակներում երկիրն այժմ 30 ցուցում է կատարում: Այս մասով 2017 թվականի ՀՀ բնապահպանության նախարարությունը 5 մլն դոլարի ծրագրեր է իրականացրել: Այս պահի դրությամբ 70 մլն դոլարի դրամաշնորհային համաձայնագրեր են ստորագրվել, որոնց մի մասն այժմ իրականացման փուլում է:

«Համաձայնագրերը կնքվել են հիմնականում Ճապոնիայի եւ Գերմանիայի հետ, եւ ներկայումս Համաշխարհային բանկի հետ համատեղ մշակվում է համաձայնագրերի իրականացման կարգը»,- հայտնել է փոխնախարարը: