Մրցութային հանձնաժողովի կողմից Առաջին հանրապետության շրջանի քաղաքական գործիչ Արամ Մանուկյանի արձանի ընտրության հարցում կոռուպցիոն տարրեր կան: Այսպիսի կարծիք փետրվարի 7-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը:

Նրա խոսքով՝ մրցույթի առաջին փուլում ներկայացվել էին միայն աշխատանքները, սակայն  երկրորդ փուլում հայտնվել են այլ դեմքեր իրենց նախագծերով. «Միթե՞ սա կոռուպցիոն գործողությունների վկայություն չէ»,-նշել է Թուխիկյանը:

Միաժամանակ, նրա խոսքով՝ չպետք է զարմանալ հեղինակի կողմից արձանին տրված դրոշի լուծումներով, որով նա ծածկել է Արամ Մանուկյանին: Նրա խոսքով՝ հանրապետությունում չկա հարգանք սեփական խորհրդանիշների նկատմամբ, եւ եթե պետությունը ներկայացնող ոստիկանությունը կարող է ցուցարարի ձեռքից խլել պետական դրշը եւ գետնին նետել, ապա ինչու չի կարող դրոշն նաեւ այս ձեւով օգտագործվել:

Բացի այդ, թանգարանի տնօրենը կարծում է, որ այս ամբողջ պատմությունը ունի «ցուցադրական» բնույթ, քանի որ Արամ Մանուկյանի տունը գտնվում է լքված վիճակում եւ ոչ ոք հոգ չի տանում դրա մասին: