Չորեքշաբթի առավոտյան Ֆրանսիայում տրանսպորտային միջոցների երթեւեկությունն առատ ձյան հետեւանքով խափանվել է, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը`վկայակոչելով France-Presse գործակալությունը:

Հյուսիսային եւ կենտրոնական շրջաններում, ըստ Meteo-France օդերեւութաբանական ծառայության, մեկ օրում 15 սմ ձյուն է նստել: Այժմ վտանգի նարնջագույն մակարդակը պահպանվում է երկրի 25 շրջանում: Նման եղանակ Ֆրանսիայում չէր գրանցվել  2010 թվականի դեկտեմբեր ամսից:

Ինչպես հայտնել է France Info ռադիոկայանը, հատկապեց բարդ իրավիճակ է տիրում Փարիզի Իլ դե Ֆրանս թաղամասում: Գիշերը Փարիզից հարավ եւ հարավ-արեւելք տանող ճանապարհների վրա ձյան պատճառով հարյուրավոր ավտոմեքենաներ են արգելափակվել: Վարորդներ մի մասը ստիպված է եղել ավտոմեքենաների մեջ գիշերել, մյուսներին ապաստան է տրամադրվել մոտակա դպրոցների սպորտային դահլիճներում: Շատ վարորդներ դժգոհում են, որ այս իրավիճակում որեւէ օգնություն  չեն ստացել:

Փարիզում, ըստ տրանսպորտի նախարարության, ավտոբուսների երթեւեկությունը ամբողջությամբ կանգնեցվել է, մեկը մյուսի հետեւից փակվում են քաղաքը ծայրամասերին կապող տրամվայի գծերը, խափանվել է մետրոյի գծերից մեկի երթեւեկությունը: Ներքին գործերի նախարարության խոսքով՝ Մոնպարնաս եւ Աուստերլից կայարաններում ստիպված է եղել գիշերել մոտ 700 մարդ: Փարիզում ընդհանուր առմամբ շտապ կարգով ապաստան է տրամադրել ավելի քան հազար մարդու համար: