Արարատյան դաշտավայրի բոլոր խորքային հորերում ջրաչափեր կտեղադրվեն: Այս մասին փետրվարի 7-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ բնապահպանության փոխնախարար Խաչիկ Հակոբյանը:

Նրա խոսքով՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) օժանդակությամբ ջրաչափերը կտեղադրվեն դաշտավայրի 50 ջրամբարում: Բացի այդ, «Կոկա Կոլա» ընկերության աջակցությամբ ՀՀ բնապահպանության նախարարությունում ջրի օգտագործման մոնիթորինգի կենտրոն կստեղծվի, որը կգործի առցանց ռեժիմով: «Ջրաչափերի տեղադրման համար պայմանավորվածություններ կան մասնավոր հատվածի հետ: Դրանք թույլ են տալիս մաքսիմալ ճշգրտությամբ գրանցել ջրի օգտագործման ծավալը, ինչն իր հերթին կնպաստի Արարատյան դաշտավայրի ջրի օգտագործման կառավարման արդյունավետության բարձրացմանը»,- նշեց փոխնախարարը:

Նրա խոսքով՝ Արարատյան դաշտավայրում արտեզյան ջրի խնդրի լուծումը 2018 թվականին ՀՀ բնապահպանության նախարարության գերակա խնդիրն է լինելու: Այդ նպատակով Արարատյան դաշտավայրի բոլոր ձկնաբուծական տնտեսություններում ավտոմատացված կառավարման համակարգ կներդրվի: