Ճապոնիան ու ԱՄՆ-ը հանգել են միասնական կարծիքի, որ անհրաժեշտ է ուժեղացնել ճնշումը Հյուսիսային Կորեայի նկատմամբ եւ թույլ չտալ, որ հյուսիսկորեական ժպտերես դիվանագիտությունը խաբի իրենց: Այս մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի եւ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հանդիպման ժամանակ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Եթե խիստ կամք չդսրեւորվի եւ կոնկրետ գործողություններ չլինեն Հյուսիսային Կորեայի ապամիջուկայնացման գործում, ապա անօգուտ է հույս դնել իմաստալից երկխոսության վրա»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Աբեն:

ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսն էլ հայտարարել է, որ «Հյուսիսային Կորեայի հետ փոխզիջումը նոր սադրանքների կբերի»: Նա եւս մեկ անգամ ընդգծել է, որ ԿԺԴՀ-ի հետ հարաբերություններում «ընտրության բոլոր տարբերակները սեղանի վրա են»՝ ներառյալ ռազմական լուծման տարբերակը:

Փենսը նշել է, որ ԱՄՆ-ը ուժեղացնելու է ճնշումը Հյուսիսային Կորեայի վրա այնքան ժամանակ, քանի դեռ չկա «ամբողջական, ապացուցելի եւ անշրջելի ապամիջուկայանացում»:

Փենսն ու Աբեն եկել են միասնական տեսակետի, որ անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել ՄԱԿ-ի ԱԽ բանաձեւերը շրջանցելու Հյուսիսային Կորեայի փորձերի դեմ: