«Քարերի սիմֆոնիան» կամ  Գառնիի «Բազալտե երգեհոնը» համայնքային կառավարումից կանցնի Խոսրովի արգելոցի կառավարման ներքո: Այս մասին փետրվարի 7-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է բնապահպանության փոխնախարար Խաչիկ Հակոբյանը:

Նա նշել է, որ Գառնիի «Բազալտե երգեհոնը» կդառնա էկոտուրիզմի գոտի՝ հատուկ պահպանվող ռեժիմով:

«Ինչպես հիշում եք, շատ տարիներ այս գեղեցիկ քարերը ավերվել էին եւ մասնավոր անձիք տարել էին այն»,-հիշեցրել է փոխնախարարը:  

«Քարերի սիմֆոնիան» կամ  Գառնիի «Բազալտե երգեհոնը» առաջացել է Գառնու կիրճում հրաբխային լավայի գործողության արդյունքում: Իրենից ներկայացնում է համաչափ բազալտե ժայռերի շարք, որը կարծես մարդու կողմից կառուցված լինի, ոչ թե բնության: