Հասարակությունը շատ մտահոգված է հանրապետությունում գների կտրուկ աճից եւ ճգնաժամի հաղթահարման ուղիներ են որոնում: Այս մասին փետրվարի 7-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Հայրենական ապրանք արտադրողների միության» նախագահ Վազգեն Սաֆարյանը:  

Նրա խոսքով՝ Հայաստանի խորհրդարանում վերջերս այս հարցի շուրջ քննարկումներ ծավալվեցին, որտեղ մասնակցեցին նաեւ տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ եւ փորձագետներ:

 «2.6 տոկոսով թանկացումը, որի մասին հայտարարվել էր խորհրդարանական լսումների ժամանակ, վերաբերում են 452 անուն ապրանքների: Սակայն, եթե մենք դիտարկում ենք առաջին անհրաժեշտության 25 անուն ապրանքները, որոնք քաղաքացիների համար կենսական նշանակություն ունեն, ապա թանկացումը զգալիորեն ավելի բարձր է ստացվում»,-պարզաբանել է Սաֆարյանը:

Միաժամանակ փորձագետը նշել, որ քաղաքացիներին մշտապես հուզում է մսի, կարագի եւ առաջին անհրաժեշտության մյուս ապրանքների գնաճը:

Խոսելով բենզինի եւ վառելիքի մյուս տեսակների գների աճի մասին՝ փորձագետը նկատել է, որ վառելիքի գներն աճել են ակցիզների թանկացման պատճառով, սակայն դա, նրա կարծիքով, կարելի էր կանխատեսել: Սաֆարյանը համարում է, որ, օրինակ, բենզինի իրացմամբ զբաղվող ձեռնարկատերերը հետաքրքրված չեն իրենց ապրանքների գների բարձրացմամբ, քանի որ նրանք ֆինանսական վնասներ են կրում այն բանի պատճառով, որ վարորդները անցնում են ավելի էժան վառելիքի: