Տնտեսության մեջ առկա խնդիրները միայն մեկ ճիշտ քայլով հնարավոր չէ լուծել: Այս մասին փետրվարի 7-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը: Այդպես, ըստ նրա, շուկայում իրավիճակը գնահատելն ավելի հեշտ է, քան առկա խնդիրները վերացնելը:

«Հայաստանում շուկայում գների բարձրացումը համալիր խնդիր է: Շատ խնդիրների մասին արդեն խոսվել է, սակայն հաճախ անհեթեթ բաներ են ստացվում: Օրինակ, մենք ասում ենք, որ մանր եւ խոշոր անասուններ են դուրս բերվել հանրապետությունից, ուստի եւ միսը թանկացել է»,- նշեց Պողոսյանը: Մինչդեռ, ըստ փորձագետի, հաջող արտահանման համար պետք էր ավելի շուտ ուրախանալ, քան տրտմել:

Ընդ որում, Պողոսյանն ընդգծեց, որ գյուղի բնակիչներին եւ գյուղատնտեսությանն ընդհանուր առմամբ աջակցելու պետական ծրագիրը հաճախ ֆորմալ բնույթ է կրել եւ գործնական որեւէ օգուտ չի տվել: «Գյուղացիներին օգնել պետք է ոչ թե փողերի բաշխման միջոցով, այլ գյուղատնտեսության զարգացման համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելով»,- մանրամասնեց հասարակական կազմակերպության ղեկավարը՝ հավելելով, որ դրա մեջ մտնում են ցածր տոկոսադրույքով վարկերի տրամադրումը, արտոնյալ պայմանների ստեղծումը, սուբսիդավորումը եւ այլն: