Շփման գծում, հարավարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարզումների անցկացման վայրում, դեռեւս չպարզված հանգամանքներում մեկ տարի առաջ մահացած ժամկետային զինծառայող Հրանտ Գրիգորյանի գործով փետրվարի 1-ին նշանակված նիստը կրկին հետաձգվել է: NEWS.am-ի հետ զրույցում Հրանտ Գրիգորյանի պապիկը՝ Նորիկ Ավագյանը, նշեց, որ իրենց չեն տեղեկացրել նիստի հետաձգման պատճառների մասին:

Այս գործով դատական վիճաբանությունների փուլն է. մեղադրողը պետք է մեղադրական ճառն ասի, նա ժամանակ էր խնդրել ճառին նախապատրաստվելու համար, որից հետո դատական նիստերը տարբեր պատճառաբանություններով անընդհատ հետաձգվում են:

Նշենք, որ Հրանտ Գրիգորյանի գործով կալանավորված, նրան ծեծելու, վիրավորանք հասցնելու մեջ մեղադրվում է դասակի հրամանատար Վ. Բալայանը: Հրանտի հայրը՝  Գարուշ Գրիգորյանը, պնդում է, որ նախկինում այլ զինվորների էլ է նա  ծեծել:

Ըստ ՔԿ տվյալների՝ դասակի հրամանատարը դեպքի նախորդող օրը՝ 2016թ. հունիսի 16-ին, ֆիզիկական բռնություն է գործադրել զինծառայողի նկատմամբ:

Նշենք, որ  Վ. Բալայանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 358.1-րդ հոդվածի 2-րդ մասով (Զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ ստորադասին (ենթակային) ծեծելը կամ նրա նկատմամբ այլ բռնություն գործադրելը) եւ 360-րդ հոդվածի 2-րդ մասով (Զինծառայողին վիրավորանք հասցնելը պետի (հրամանատարի) կողմից ստորադասի (ենթակայի) նկատմամբ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ): Նա կալանավորված է:

1997թ. ծնված Հրանտ Գարուշի Գրիգորյանը հունիսի 17-ին` ժամը 10:45-ի սահմանում, հարավարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարզումների անցկացման վայրում, դեռեւս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային գնդակային վիրավորում էր ստացել:

Հրանտ Գրիգորյանն արմատներով Արարատի մարզի Մրգավան գյուղից էր, սակայն, ընտանիքով բնակվում էր Արտաշատում: Նրա հայրը Ռուսաստանում  արտագնա աշխատանքի էր, ընտանիքն այնքան էլ լավ պայմաններում չի ապրում: Հրանտ Գրիգորյանն ընտանիքի միակ տղան էր, ունի իրենից փոքր քույր: