Forbes պարբերականն առաջին անգամ կազմել է կրիպտոարժույթային գործարքներով հարստացած միլիարդատերերի վարկանիշը, որի համաձայն առաջին տեղը գրավել է ֆինտեխ-ձեռնարկատեր եւ Ripple ծառայության (վճարային համակարգերի համար կրիպտոարժույթային հարթակ) ղեկավար Քրիս Լարսենը՝ 7,5-8 մլրդ դոլար կարողությամբ, փոխանցում է ՏԱՍՍ-ը: 

Երկրորդ տեղում Ջոզեֆ Լավինն է, որն օգնել է հիմնադրել Ethereum-ը, 1-ից մինչեւ 5 մլրդ դոլար գնահատված կարողությամբ, իսկ երրորդ տեղում է Binance կրիպտոարժույթային բորսայի հիմնադիր Չանպեն Չժաոն՝ 1,1-ից մինչեւ 2 մլրդ դոլար կարողությամբ:

Ինչպես նշում է Forbes-ը, 4-րդ հորիզոնականը զբաղեցրել են եղբայրներ Թայլեր եւ Քեմերոն Ուինքլվոսները: Նրանց կարողությունը կազմել է 0,9-1,1 մլրդ դոլար:

Վարկանիշում ընդգրկված է նաեւ Ethereum-ի համահիմնադիր Վիտալիկ Բուտերինը՝ 400-500 մլն դոլար կարողությամբ:

Վարկանիշում ներկայացված է նաեւ ծագումով ԽՍՀՄ-ից Վիտալի Վավիլովը, որը ստեղծել է Bitfury բիթքոինի մայնինգի ընկերությունը: Նրա կարողությունը գնահատվում է 500-700 մլն դոլար:

Վարկանիշի հեղինակները նշում են, որ կրիպտոարժույթով վաստակած կարողությունը գնահատելիս հաշվի է առնվել թվային դրամով գործարքների ոչ թափանցիկությունը եւ բարձր փոփոխականությունը:

Հաշվի է առնվել նաեւ, որ կրիպտոարժույթները գողությունից պաշտպանված չեն՝ ի տարբերություն բանկային համակարգերի դրամական միջոցների, իսկ կրիպտոարժույթային բորսաները հաքերների կողմից կոտրելը հազավադեպ չէ: Կրիպտոարժույթի շուկայում արագությունը, որով մեկ օրում միլիարդներ են ստանում եւ կորցնում, որոշում է ամեն ինչ, այս պատճառով վարկանիշի տվյալները ներկայացված են միջակայքով, այլ ոչ թե որպես ճշգրիտ արդյունք: Ըստ որում՝ Forbes-ը շարունակում է հետեւել միլիարդատերերի կարողության գնահատման պահպանողական մեթոդին:

Կարողության գնահատումը կատարվել է կրիպտոարժույթների պաշարների մասին տեղեկությունների, առեւտրային կրիպտոարժույթներից հարկերի վճարումներից հետո շահույթի եւ կրիպտոարժույթային գործունեության հետ կապված ընկերություններում բաժնեմասի արժեքի հիման վրա: Տվյալները բերված են 2018 թվականի հունվարի 19-ի դրությամբ: