Աշխաբադ-Երեւան-Ֆրանկֆուրտ ավիաչվեթերի շաբաթական քանակը կավելացվի: Այս մասին նշվել է այսօր՝ փետրվարի 7-ին, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի եւ Հայաստանում Թուրքմենստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Մուհամետնիյազ Մաշալովի հանդիպման ժամանակ:

Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են հայ-թուրքմենական տնտեսական հարաբերությունների հետագա զարգացմանն ու ընդլայնմանն ուղղված հարցեր՝ ընդգծելով, որ այս ոլորտում առկա է չիրացված մեծ ներուժ: Վարչապետ Կարապետյանն ու դեսպան Մաշալովն անդրադարձ են կատարել երկու երկրների կառավարությունների միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին եւ համոզմունք հայտնել, որ դրանց իրականացումը նոր թափ կհաղորդի երկկողմ առեւտրաշրջանառության ծավալների ավելացմանը:

Հանդիպմանը մեծապես կարեւորվել է Աշխաբադ-Երեւան-Ֆրանկֆուրտ ավիաչվեթերի իրականացումը: Մուհամետնիյազ Մաշալովը տեղեկացրել է, որ այժմ քննարկվում է դրանց շաբաթական քանակն ավելացնելու հնարավորությունը: Այդ համատեքստում վարչապետն առաջարկել է թուրքմենական կողմին Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանը դիտարկել նաեւ այլ ուղղություններով չվերթեր կազմակերպելու հնարավորությունը: