Սփյուռքը արձագանքել է Հայաստանի տնտեսությունում ներդրումներ կատարելու ջանքերի ակտիվացման խնդրանքին եւ դրանց արդյունքների մասին բոլոր նախարարությունները կզեկուցեն փետրվարի վերջին: Այս մասին խորհրդարանում փետրվարի 7-ի նիստին՝ հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է վարչապետ Կարեն Կարապետյանը՝ պատասխանելով ընդդիմաադիր «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի հարցին այն մասին, թե ինչ է փոխվել այն բանից հետո, երբ վարչապետը կոչ էր արել սփյուռքի ներկայացուցիչներին միջոցներ ներդրել Հայաստանի տնտեսության զարգացման  գործում:

Միաժամանակ, Կարեն Կարապետյանի խոսքով՝ Հայաստանում արդեն իրականացվում են 830-840 միլիոն դրամ ընդհանուր արժողությամբ ներդրումային ծրագիր:

«Նաեւ ներդրումներ են կատարվել 190 միլիարդ դրամ ծավալով: Մնացած տվյալները կներկայացնեն նախարարությունները»,-նշել է վարչապետը:

Կարապետյանը հավելել է, որ արտահանումը 2017 թվականին աճել է 43.3 տոկոսով, եթե համեմատենք 2016 թվականի նույն ժամանակահատվածի հետ, որից 19 տոկոսը վերաբերում է ԵՏՄ-ին, իսկ մնացածը՝ մյուս երկրներին: Ներկրումը, Կարապետյանի խոսքով, 2016 թվականի համեմատ աճել է 55.8 տոկոսով: