Եվրոպացի գիտնականները հետազոտություն են իրականացրել, որն ապացուցել է, որ ուշ քնելուն վարժված եւ մինչեւ ճաշ քնող մարդիկ ավելի հաջողակ են նրանցից, ովքեր վաղ են քնում եւ առավոտյան արթնանում: Սոցիոլոգների եւ հոգեբանների անցկացրած հարցմանը մասնակցել է ավելի քան 15 հազար տղա եւ աղջիկ՝ օրվա տարբեր ռեժիմներով, հայտնում է Inc-ը:

Լոնդոնի Տնտեսագիտական դպրոցի ներկայացուցիչները նշել են, որ ուշ քնող ուսանողները ինտելեկտի թեստը արտույտներից ավելի հաջող են անցել: Բրիտանացիները նշում են, որ ուշ քնելու հնարավորությունը յուրատեսակ «էվոլյուցիոն առավելություն» է:

«Մեր հեռավոր նախնիներն իրենց նման շքեղություն թույլ տալ չէին կարող»,- նշել են հետազոտողները:

Բրիտանացիների փորձի արդյունքները հաստատել են Բելգիայի Լյեժի համալսարանի նրանց գործընկերները: Նրանց հետազոտության մեջ նշվում է, որ բուերը քնի 10 ժամից հետո արտույտներից ավելի առույգ եւ արդյունավետ են աշխատում, ինչպես նաեւ ամբողջ օրվա ընթացքում լավ ռեակցիա են պահպանում:

«Ձեռներեցները, որոնք գիշերային կենսակերպ են վարում, նոր վիճակներին ավելի լավ են հարմարվում: Դրանից բացի, նրանք ավելի աշխույժ միտք ունեն»,- նշել են բելգիացիները: