Քրդական Mezopotamyaajansi.com  կայքն  անդրադարձել է Աֆրինում մնացած վերջին հայի` Հարութ Գեւորգի պատմությանը, ով նաեւ Հայոց ցեղասպանությունից մազապուրծ հայերի հետնորդներից է:

Akunq.net–ի փոխանցմամբ՝ Աֆրինում մնացած միակ հայը` Հարութ Գեւորգը, թուրքական  գործողության հետևանքով վերստին հիշել  Մեծ եղեռնը: 61 տարեկան Հարութ Գեւորգի ընտանիքը Ցեղասպանությունից հետո տեղափոխվել է նախ Էզազ, ապա` Հալեպ: 50 տարի առաջ Աֆրին փոխադրված Գևորգը մասնագիտությամբ դարբին է: Նա 4 զավակ ունի:

Հարութ Գեւորգը գործակալության թղթակցի հետ զրույցում մասնավորապես ասել է. «Ես Այնթափի հայերից եմ: 1915 թ.  այնտեղից աքսորվել ենք: Ցեղասպանության ժամանակ եկանք Հալեպ, ավելի ուշ տեղափոխվեցինք Աֆրին: Ինձ հետ բազմաթիվ հայ ընտանիքներ կային: Նրանց մեծ մասը զոհվեց, մի մասն էլ պատերազմի հետևանքով արտագաղթեց: Աֆրինում միայն ես եմ մնացել: Այստեղ բնակվող մյուս բոլոր ժողովուրդների հետ միասին տեր ենք կանգնում մեր քաղաքին: Թուրքիան 100 տարի է, ինչ շարունակում է իր հարձակումները: Ինչպես որ այն ժամանակ է կանանց ու երեխաներին սպանում, հիմա էլ է նույն բանն անում: Ցեղասպանությունը մի դար հետո վերստին գտավ մեզ»:

Գեւորգը Թուրքիայից պահանջելով վերջ տալ այդ հարձակումներին` ընդգծել է, որ Աֆրինը միակ քաղաքն էր, որ պատերազմ չէր տեսել, և հավելել է. «Այլեւս հերի՛ք է: Արյուն մի՛ հեղեք: Մարդկանց վրա մի՛ հարձակվեք: Աֆրինը Սիրիայում պատերազմ չտեսած միակ վայրն էր: Ինչո՞ւ եք ձգտում ավիրել մարդկանց ապաստարանը դարձած այս քաղաքը»:

Հարցազրույցի վերջում Գևորգը նաեւ մի քանի խոսք է ասել իր մայրենիով` հայերենով, ապա նշել. «Մենք մեր հայրենի տնից-տեղից աքսորվեցինք Թուրքիայում: Եկանք այստեղ: Հիմա ջանում են մեզ այստեղից էլ հանել: Մենք պահանջում ենք, որ այս պատերազմն ու հարձակումները դադարեցվեն: Թող բոլորը անսան մեր ձայնը: Մեր կոչն ուղղված է աշխարհի բոլոր ժողովուրդներին»: