Սաուդյան Արաբիան պատմության մեջ առաջին անգամ արտասահմանյան ընկերությանը թույլ է տվել Իսրայել թռիչքներ կատարել իր օդային տարածքով, հայտնում է Haaretz պարբերականը:

Պարբերականի տեղեկություններով՝ սաուդյան իշխանությունները Air India ավիափոխադրողին թույլ են տվել Նյու Դելիից Թել Ավիվ ուղիղ չվերթ իրականացնել երթուղով, որը նախատեսում է թագավորության օդային տարածքի հատում:

Արդյունքում թռիչքի տեւողությունը 2,5 ժամով կրճատվել է, ընդգծել է պարբերականը:

Նշվում է, որ այս թույլտվությունը Սաուդյան Արաբիայի եւ Իսրայելի միջեւ հարաբերությունների ջերմացման առաջին հրապարակային հաստատումն է: Մինչ այս 70 տարի թագավորության օդային տարածքը փակ է եղել ոչ միայն իսրայելական, այլ նաեւ հրեական պետություն ուղեւորվող ցանկացած այլ օդանավերի համար:

Ներկայումս Սաուդյան Արաբիան եւ Իսրայելը դիվանագիտական հարաբերություններ չունեն: