ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը համակարծիք չէ, թե  հասարակական վայրերում ծխելու համար սահմանված  բարձր տուգանքները զուտ պետբյուջեն լցնելու միջոց են: Այս մասին այսօր՝ փետրվարի 7-ին, լրագրողների հետ զրույցում ասել է նա՝ անդրադառնալով չնախատեսված վայրերում ծխելու համար սահմանված տուգանքներին՝ նշելով, որ տուգանքները վնասակար սովորությանը վերջ տալուն են միտված: Նախարարը նաեւ նշել է, որ նախկինում ծխել է եւ այժմ չի ծխում:

«Ես բավական երկար ծխել եմ, հիմա թողել եմ ծխելը, որը թելադրել է  բնությունը:  Մենք փորձում ենք գնալ ծխելը վերացնելու նպատակով: Մենք ամենակարճ եւ արդյունավետ ճանապարհն ենք ցույց տալիս»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է ծխելու համար նախատեսված տուգանքների չափի նվազեցման հնարավորությանը, նախարարը նշեց. «Մենք առաջարկում ենք հանրությանը մի ճանապարհ, եւ ճանապարհը, որը խորհրդարանը կընդունի՝ կլինի այն ուղեցույցը, որով կշարժվի նախարարությունը»,- ասաց նա:

Անդրադառնալով ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության  պատգամավոր Սեյրան Սարոյանի այն հայտարարությանը, թե «առողջապահության նախարարը չի ծխում, դրա համար էլ հաջողության մեջ մեռնում ա», կատակով պատասխանեց՝ «Մեռնելը մի 30-40 տարով հետաձգվել է»:

Հիշեցնենք, որ Հայաստանի առողջապահության նախարարությունը «Ծխախոտի արտադրանքի օգտագործման բացասական ազդեցության նվազեցման եւ կանխման մասին» նոր օրինագիծ է նախապատրաստել, որը ոչ միանշանակ արձագանք է առաջացրել հայ հասարակության շրջանում: Օրենքի նախագիծը  ծխելու արգելք է նախատեսում բոլոր փակ տարածքներում՝ ներառյալ գրասենյակները, բարերը եւ ռեստորանները, ինչպես նաեւ տրանսպորտը, կայարանները, օդանավակայանները եւ ավտոբուսի կանգառները: Օրինագիծը նաեւ առաջարկում է բարձր տուգանքներ սահմանել օրենքի խախտման համար՝ 50-500 հազար դրամի սահմաններում: