Ազգային ժողովի այսօրվա նիստում քվեարկել են նախօրեին քննարկված օրինագծերը: Իսկ այսօր քննարկված հարցերից մեկը վերաբերել է ճանապարհային նշաններին եւ ազդանշաններին. մեր երկիրն անցնում է ճանապարհային նշանների միջազգային համակարգի: Հայաստանին կարճ ժամանակ է տրվել՝ կոնվենցիայով նկարագրված ճանապարհային նշանների համակարգը ներդնելու համար: Ի դեպ՝ հարեւան Ադրբեջանն այս կոնվենցիային վերապահումով է միացել. կրկին շահարկել է Արցախի հիմնահարցը ու խոսել «օկուպացված» տարածքների մասին: Հայաստանն էլ առարկել է՝ Բաքվին մեղադրելով հիմնախնդրի էությունը խեղաթյուրելու համար եւ նշելով, որ Ադրբեջանն ինքն է օկուպացրել Լեռնային Ղարաբաղի որոշ տարածքներ:

Իսկ «Ելք»-ի պատգամավորները դժգոհել են միջհամայնքային միավորումների մասին օրինագծից: Ասում են՝ այդ միավորումների ստեղծումը Հայաստանում կամավոր-պարտադիր է դառնալու: Մանե Թանդիլյանը կարծում է, որ այսպիսով գնալու ենք բոլոր համայնքների հանրապետականացման:

Այսօր խորհրդարանում նաեւ կառավարության անդամների հետ հարցուպատասխանի օր էր: Այն հանգիստ է անցել. սուր հարցադրումներ եւ բնավեճեր չեն եղել: Իսկ խորհրդարան եկած նախարարներին լրագրողները հարցրել են ապրիլից գործադիրի նիստերը դռնփակ անցկացնելու մասին: Հետաքրքրվել են. իսկապե՞ս նախարարները կաշկանդվում են, երբ նիստերը հեռարձակվում են: Արծվիկ Մինասյանին, պարզվում է, ոչինչ չի կաշկանդում, բայց նա նույնպես, ինչպես Դավիթ Հարությունյանը, դժգոհ է նիստերի լուսաբանումից: Փոխարենը նիստերը փակ դռների հետեւում անցկացնելուն միանշանակ կողմ է Լեւոն Մկրտչյանը: Խոստովանում է. դեպքեր են եղել, որ որեւէ հարցի շուրջ դիտողություն է ցանկացել անել կամ որեւէ կետի շուրջ առարկել, բայց չի արել:

2017 թվականին բանակում արձանագրվել է հանցագործության 1207 դեպք. նախորդող տարվա համեմատ՝ 11%-ով պակաս: Սրանք զինդատախազության տվյալներն են: Ամփոփման համաձայն՝ դեպքերից 768-ն ուղղված են եղել զինվորական ծառայության դեմ, 439-ը՝ այլ բնույթի: 2016-ի համեմատ՝ առանձնապես ծանր հանցագործությունները նվազել են 286-ով կամ 78.1%-ով: Առանձնապես ծանր հանցագործության 80 դեպքերից 21-ը եղել է հակառակորդի կողմից կատարված սպանություն, եւս 3 սպանություն էլ կատարվել է զինծառայողների կողմից: Գրեթե 100 տոկոսով աճել են կոռուպցիայի դեպքերը. 2017 թվականին բանակում 116 կոռուպցիոն հանցագործության դեպք է գրանցվել:

ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնության գավաթը պատմության մեջ առաջին անգամ Հայաստանում է: Այն Երեւան է բերել Քրիստիան Կարամբյոն. նա 1998 թվականին աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի կազմում էր: ՖԻՖԱ-ի գավաթը ֆուտբոլասերներին ներկայացվեց Ազատության հրապարակում: Իսկ Կարամբյոն խոսքը սկսեց հայերեն ողջույնով:

Քրիստիան Կարամբյոն հիշեցրեց, որ 20 տարի առաջ, երբ Ֆրանսիան նվաճեց աշխարհի գավաթը, հավաքականի կազմում երկու հայ ֆուտբոլիստ կար՝ Ալեն Պողոսյանն ու Յուրի Ջորկաեւֆը: Նա նաեւ հույս հայտնեց, որ մի օր Հենրիխ Մխիթարյանը գավաթը Հայաստան կբերի ու կներկայացնի հանրությանը: Նշենք, որ 2006 թվականից ՖԻՖԱ-ն ֆուտբոլի աշխարհի առաջնությունից առաջ կազմակերպում է գավաթի միջազգային շրջագայությունը: Այս տարի այն կլինի 50 երկրներում, որոնցից 24-ում՝ առաջին անգամ: Ի դեպ՝ գավաթին դիպչելու իրավունք ունեն միայն աշխարհի առաջնության չեմպիոններն ու երկրների ղեկավարները: Գավաթի երեւանյան այցելության շրջանակում կազմակերպված փակ միջոցառման ժամանակ Քրիստիան Կարամբյոյից այն ընդունել է նախագահ Սերժ Սարգսյանը:

Իլոն Մասկի SpaceX-ը Ֆլորիդայի տիեզերակայանից արձակել է Falcon Heavy գերծանր հրթիռակիրը: Նախատեսվում է, որ այն Մարս պետք է հասցնի բեռներ եւ մարդկանց, բայց այս անգամ Մասկը տիեզերք է ուղարկել միայն իր Tesla Roadster-ը, ներսում՝ մանեկեն: Իսկ մեքենայում հնչել է Դեւիդ Բոուիի «Space Oddity» կոմպոզիցիան: Կարմիր Tesla-ն պետք է պտտվեր Մարսի ու Երկրի միջեւ, բայց կարողացել է հասնել մինչեւ աստերոիդների գոտի: Falcon Heavy-ն բաղկացած է 3 հրթիռից. 2 կողային հրթիռները վայրէջք են կատարել Քանավերալ հրվանդանում, իսկ 3-րդը կորած է համարվում: Չնայած դրան՝ Իլոն Մասկն ընդհանուր առմամբ արձակումը հաջողված է համարում:

Ավելի քան մեկ շաբաթ տեւած անկումից հետո բիթքոինը սկսել է աճել: Այսօր կրիպտոարժույթը 7505 դոլար է արժեցել, այսպիսով օրվա մեջ աճը կազմել է 19.44 տոկոս: Նշենք, որ 2017 թվականի դեկտեմբերի կեսերին բիթքոինը հատել էր 20 հազար դոլարի սահմանագիծը: Սակայն 2018 թվականի հունվարից տարբեր պետությունների կողմից սահմանափակումներն ազդեցին բիթքոինի արժեքի վրա:

Իսկ Forbes պարբերականն առաջին անգամ կազմել է կրիպտոարժույթային գործարքներով հարստացած միլիարդատերերի վարկանիշը: Ցանկի առաջին հորիզոնականում Ripple ծառայության ղեկավար Քրիս Լարսենը՝ շուրջ 8 մլրդ դոլար կարողությամբ: Պարբերականի փոխանցմամբ՝ քանի որ կրիպտոարժույթի շուկայում արագությունը, որով մեկ օրում մարդիկ միլիարդներ են ստանում եւ կորցնում, որոշում է ամեն ինչ, վարկանիշի տվյալները ներկայացված են միջակայքով, եւ դրանք չի կարելի ճշգրիտ արդյունք համարել:

Դոլարի վերելքը շարունակվում է, եվրոն էժանացել է եւս 2 դրամով: Փետրվարի 7-ին դոլարի փոխարժեքը կազմել է 482 դրամ, եվրոյինը՝ 595, ռուբլունը՝ 8 դրամ 44 լումա, ֆունտինը՝ 671 դրամ:

Փետրվարի 8-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երեւանում նույնպես վաղը տեղումներ չեն սպասվում: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի 0+2, ցերեկը՝ +13+15 աստիճան տաքություն: