«Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարի ԱՄՆ գլխավորած կոալիցիան հայտարարել է, որ Սիրիայի կառավարամետ զինված կազմավորումները փետրվարի 7-ին  հարձակվել են «Սիրիական դեմոկրատական ուժերի» (SDF) շտաբի վրա, որտեղ այդ պահին եղել են ամերկացի խորհրդականներ, որից հետո պատասխան հարված է հասցվել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: 

«Փետրվարի 7-ին սիրիական կառավարամետ ուժերը հարձակում են նախաձեռնել «Սիրիական դեմոկրատական ուժերի» շտաբի վրա: Եփրատ գետի շրջանում հակամարտությունների կանխման համաձայնեցված գծից 8 կմ արեւելք կատարված հարձակման ժամանակ կոալիցիայի զինծառայողները SDF գործընկերների հետ այնտեղ են եղել որպես խորհրդականներ, օգնականներ եւ ուղեկցորդներ»,- նշված է հրամանատարության հաղորդագրության մեջ:

«Կոալիցիոն եւ գործընկեր ուժերին պաշտպանելու համար կոալիցիան հարձակվող ուժերին հարվածներ է հասցրել՝ ԻՊ խմբավորումների դեմ պայքարին մասնակցող գործընկերների դեմ ագրեսիայի ակտը հետ մղելու համար»,- նշված է հայտարարության մեջ:

Միջադեպի հետեւանքով տուժածների մասին տեղեկություններ չեն բերվում: Կոալիցիայից նշել են, որ Սիրիայում հիմնական խնդիրը համարում են ԻՊ-ի դեմ պայքարը, սակայն իրենց են վերապահում ինքնապաշտպանվելու իրավունքը:

Պաշտոնական Դամասկոսը այս հայտարարությունը դեռեւս չի մեկնաբանել: