Ժամանակակից ինտերնետի հիմնադիրներից մեկը, կիբերտարածքում իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ամերիկյան Electronic Frontier Foundation հասարակական կազմակերպության հիմնադիր ամերիկացի Ջոն Փերրի Բարլոուն մահացել է 70 տարեկանում: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են ընկերությունից:

«Ինտերնետն այսօր կորցրեց իր հերոսին: EFF-ն (Electronic Frontier Foundation) սգում է իր իմաստուն համահիմնադիր Ջոն Փերրի Բարլոուի մահը»,- նշված է կազմակերպության Facebook-ի էջում հրապարակված հաղորդագրության մեջ: Ընկերությունից նշել են, որ Բարլոուն քնի մեջ է մահացել:

«Առանց չափազանցնելու կարելի է ասել, որ ինտերնետի հիմնական սեգմենտները, որոնց այսօր բոլորս ծանոթ ենք ու սիրում ենք, գոյություն ունեն եւ զարգանում են Բարլոուի ղեկավարման ու տեսլականի շնորհիվ»,- նշել են EFF-ից:

Բարլոուն եղել է 1990 թվականին իրավապաշտպան Electronic Frontier Foundation կազմակերպության հիմնադրման ակունքներում, որը պաշտպանում է կապի էլեկտրոնային միջոցների օգտատերերի իրավունքները: Դրանից զատ, նա հայտնի է ինտերնետին նվիրված իր աշխատանքներով: 70-ական թվականներին կիթառահար Բոբ Վեյրի համահեղինակությամբ Բարլոուն նաեւ մի քանի երգ է գրել ամերիկյան Grateful Dead ռոք խմբի համար: