Հարուցվել է քրեական գործ՝ փետրվարի 7-ին հակառակորդի կողմից ժամկետային զինծառայող Հայկ Քալանթարյանի սպանության դեպքով: NEWS.am-ն այսօր՝ փետրվարի 8-ին, քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից տեղեկանում է, որ երկրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով սպանություն կատարելու դեպքի առթիվ, կատարվում է նախաքննություն:

19-ամյա Հայկ Քալանթարյանը Տավուշի մարզի Նավուր գյուղի բնակիչ էր: Նա սոցիալական ծանր պայմաններում ապրող ընտանիքից էր. ծառայության էր մեկնել մեկ տարի առաջ: Հայկը ընտանիքի ավագ որդին էր, ունի քույր եւ եղբայր:

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ փետրվարի 7-ին՝ ժամը 13:50-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Հայկ Ռազմիկի Քալանթարյանը: