Փաստացի Հայաստանում ներման իրավունքը վերցվում է ՀՀ նախագահից ու տրվում է վարչապետին: Այս մասին, այսօր՝ փետրվարի 8-ին, ԱԺ-ում «Ներման մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ նշեց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

Նրա խոսքով, Սահմանադրությունը սահմանում է, որ Հանրապետության նախագահն օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով լուծում է դատապարտյալներին ներում շնորհելու հարցը, բայց հիմա այս օրինագծով այդ իրավունքը տրվում է վարչապետին:

«բացի այդ, ներման հրամանագրերը հրապարակային պետք է լինեն, հասարակությունը պետք է իմանա, թե ովքեր, ինչ հանգամանքներում են ներվում: Հիմա մենք այդ մասին թերթերից ենք իմանում»,-ասաց Մարուքյանը:

Ի պատասխան Արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը նշեց, որ շատ ժողովրդավարական երկրներում ներման հրամանագրերը չեն հրապարակվում, որպեսզի դրանով չկաշկանդեն Հանրապետության նախագահին:

Մարուքյանն արձագանքեց. «Դուք բերում եք Բելգիայի օրինակը, բայց  Բելգիայում չեմ կարծում թե փորձ ունենք, որ կարող են ընտրությունների ժամանակ խոստանալ, որ այսինչ դատապարտյալը կներվի, եթե ձայն տաք ՀՀԿ-ին: Պետք չի Բելգիայի հետ համեմատել, իսկ Հայաստանում պետք է անպայման հրապարակայնացնել»:

Քրմոյանն անդրադարձավ նաեւ ներման իրավունքը նախագահից վարչապետին փոխանցելու պնդմանը՝ նշելով. «ՀՀ նախագահին առաջարկություն ներկայացնող մարմին պետք է լինի, եւ դա համարվում է վարչապետը։ Այդ մարմինը պառլամենտական հանրապետության դեպքում պետք է լինի վարչապետը, որովհետեւ հավաքական կարծիք է ունենալու՝ հաշվի առնելով հանձնաժողովի եզրակացությունը։ Ըստ այդմ, մենք չենք կարծում, որ նախագահի լիազորությունները վերցվել են»: Քրմոյանը նաեւ նշեց, որ օրինակ Բելգիայում, Իսպանիայում, ԱՄՆ-ում եւս կա ներման առաջարկություն ներկայացնելու ինստիտուտը:

Էդմոն Մարուքյանը նաեւ հետաքրքրվեց, թե ինչ հիմքերով է նախագահը դիմելու ՍԴ, եթե ասենք չցանկանա ընդունել վարչապետի առաջարկը՝ ներում շներհելու մասին:

«Ասնեք նախագահը համաձայն չի X մարդուն ներում շնորհելու վարչապետի առաջարկին, ու վարչապետը նորից է նույն առաջարկը ներկայացնում, ՀՀ նախագահը ՍԴ է դիմում ի՞նչ հիմքով: Այսինքն վեճի առարկան ո՞րն է: Սահմանադրական արդարադատության ինչ հարց է քննարկելու ՍԴ-ն: ՍԴ-ն ի՞նչը պետք է ստուգի»,-ասաց Մարուքյանը, ինչին Քրմոյանն արձագանքեց, որ ՍԴ-ն քննելու է Սահմանադրությանը համապատասխանության հարցը:

Նշենք, որ ըստ «Ներման մասին» օրենքի նախագծի, ներման առաջարկությամբ նախագահին դիմում է վարչապետը: Նախագահը չի կարող ինքնուրույն ներում շնորհել որեւէ մեկին: Ավելին, եթե ՀՀ նախագահը համաձայն չէ նմերկայացված առաջարկին, ապա այն, միեւնույն է, կարող է ընդունվել, եթե վարչապետը նորից նույն առաջարկությամբ հանդես գա:

Դատապարտյալին ներում շնորհելու առաջարկը վարչապետն է ներկայացնելու նախագահին