Հայաստանի Հանրապետության կառավարությունը հավանություն չի տվել «Ելք» ընդդիմադիր դաշինքի՝ բոլոր զինծառայողներին գույքահարկից ազատելու մասին օրենսդրական նախաձեռնությանը: Համապատասխան որոշումը կայացվել է փետրվարի 8-ին կառավարության նիստի ժամանակ: Նախագիծը ներկայացրել է ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:

Նա նշել է, որ «Ելք»-ն առաջարկել է արտոնություն տրամադրել ոչ միայն ժամկետային զինծառայողներին, այլ նաև Հայաստանի զինված ուժերում եւ այլ զորքերում զինծառայության մեջ գտնվող, ինչպես նաեւ դաշնակից երկրների տարածքներում պարտադիր զինվորական ծառայություն անցնող անձանց:

«Անժամկետ զինվորական ծառայության մեջ գտնվող անձինք վճարունակ են, քանի որ զրկված չեն իրենց ունեցվածքն օգտագործելու եւ դրանից եկամուտ ստանալու հնարավորությունից: Միեւնույն ժամանակ, նրանց ծառայությունը վճարվում է», - ասաց նախարարը:

Նա հավելեց որ առաջարկված օրինագիծը զինվորականներին որեւէ սոցիալական երաշխիք չի տա: