ՀՀ «Հարկային օրենսգիրքը» քննարկելիս կառավարությունը հաշվի է առել ակցիզային հարկի դրույքի բարձրացման ազդեցությունը գների վրա եւ դա գնահատված է 0.5 տոկոսյաին կետով: Այս մասին այսօր՝ փետրվարի 8-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:

«Այստեղ հարկային գործիքով որեւէ արտոնություն, կամ գների վրա ազդման հետ կապված մանիպուլյացիաներ, խաղարկումներ անելը ճիշտ չէ, որովհետեւ հարկը ճիշտ գործիքը չէ, որպեսզի մենք կարողանանք հանրության սոցիալապես անապահով, կամ խոցելի խմբերին օժանդակություն տալ:  Մենք ասել ենք, որ չենք խրախուսում այն մոտեցումը, որ պարտքի միջոցով ընթացիկ ծախսեր անենք, հետեւաբար դրվեց մոտեցում, հասկանոլու՝ որ հարկերի հաշվին պետք է բալանսավորել»,-ասաց նա:

Նախարարի խոսքով, կա երկու ընդունված մոտեցում՝ ուղղակի բարձրացնել հարկատեսակները, սպառումը հարկել, իսկ սպառման հարկման լավագույն գործիքակազմը ավելացված արժեքի հարկերն են. «Եթե դուք համեմատություն կատարեք՝ ակցիզային հարկը Հայաստանում ցածրերից մեկն է տարածաշրջանում. Մենք տեսնում ենք, որ մեր ազգաբնակչության խոցելի խմբերին այդպիսի գնային տատանումներից հնարավոր է ազատել ծախսային գործիքների միջոցով, ինչը քննարկում ենք հիմա»: