Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Թայիփ Էրդողանը հինգշաբթի օրը հեռախոսազրույցի ընթացքում համաձայնության են եկել Ստամբուլում Սիրիայի վերաբերյալ Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի ղեկավարների երկրորդ գագաթնաժողովի անցկացման վերաբերյալ, հաղորդում է NTV հեռուստաալիքը՝ վկայակոչելով Թուրքիայի նախագահի գրասենյակում աղբյուրին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նշվում է, որ Էրդողանն ու Պուտինը քննարկել են նաեւ սիրիական Աֆրինում, որտեղ այժմ Թուրքիան զինված օպերացիա է իրականացնում, ինչպես նաեւ Իդլիբում տիրող իրավիճակը: Թուրքիայի եւ Ռուսաստանի առաջնորդները համակարծիք են եղել, որ ահրաժաշտ է արագացնել Իդլիբում դիտորդական առաքելությունների ստեղծումը: Քննարկվել է Դամասկոսի արվարձանում՝ Արեւելյան Գուտայում, տիրող իրավիճակը:

Հիշեցնենք, որ սիրիական կարգավորմանը նվիրված առաջին եռակողմ՝ Ռուսաստան-Թուրքիա-Իրան, գագաթաժողովը տեղի էր ունեցել նոյեմբերի 22-ին: Ռուսաստանը, Թուրքիան եւ Իրանը Սիրիայում խաղաղ գործընթացի երաշխավորող երկրներն են: