Հնդկաստանի Արեւմտյան Բենգալիա նահանգում ոստիկանությունը երկու եղբայրների է ձերբակալել՝ նրանցից մեկի կնոջ երիկամը խաբեությամբ վաճառելու համար: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ կինը պարզել է ճշմարտությունը եւ գնացել է ոստիկանություն, հայտնում է «Լենտա»-ն՝ վկայակոչելով Hindustan Times-ը:

Տուժածը՝ 28-ամյա Ռիտա Սարքարը, պատմել է, որ մոտ երկու տարի առաջ նրա մոտ որովայնի ցավեր էին սկսվել: «Ամուսինս ինձ տարավ Կալկաթայում գտնվող մի մասնավոր կլինիկա, որտեղ բժշկական անձնակազնմ ինձ ասաց, որ բորբոքված կույրաղիքը հեռացնելուց հետո ամեն ինչ լավ կլինի», - բացատրեց նա:

Սակայն վիրահատությունից հետո ցավը չէր անցել եւ նույնիսկ ավելի էր ուժեղացել: Ամուսինն արգելում էր կնոջը որեւէ մեկին պատմել վիրահատության մասին, ինչպես նաեւ թույլ չէր տալիս բժիշկ կանչել: Վերջիվերջո կնոջ հարազատները տարել են նրան հիվանդանոց: Բժիշկները ստուգման ժամանակ հայտաբերել են, որ Ռիտայի աջ երիկամը չկա:

«Այդ ժամանակ ես հասկացա, թե ինչու էր ամուսինս խնդրում, որ լռեմ վիրահատության մասին: Նա վաճառել էր իմ երիկամը, որովհետեւ ընտանիքս չէր կարողացել բավարարել օժիտի հետ կապված իր պահանջը»,- պատմել է կինը: Նա ոստիկանություն է դիմել ամուսնու եւ ամուսնու եղբոր դեմ մեղադրանքներով: Տղամարդը ձերբակալվել է փետրվարի 5-ին, իսկ սկեսուրին հաջողվել է փախչել: Հարցաքննության ժամանակ հարազատները խոստովանել են, որ երիկամը վաճառել են մի գործարարի:

Հնդկաստանի կառավարությունը օժիտի արգելման մասին օրենք է ընդունել ավելի քան կես դար առաջ՝ 1961 թվականին: Այնուամենայնիվ, այս պրակտիկան մինչ այժմ շարունակվում է պահպանվել, հատկապես՝ գյուղական վայրերում: