Ներկայումս գործող Անվտանգության խորհուրդը նախագահին կից խորհրդատվական մարմին է, որտեղ անվտանգությանը վերաբերող տասնյակ հարցեր են քննարկվում, բայց այդ մարմնի որեւէ որոշում պարտադիր հետեւանք չի առաջացնում: Այս մասին, այսօր՝ փետրվարի 8-ին, «Անվտանգության խորհրդի կազմավորման եւ գործունեության մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ նշեց ԱԺ պետաիրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանը:

Նրա խոսքով, հենց դրանով է պայմանավորված, որ այսօր Անվտանգության խորհրդի անդամ կարող են լինել ոչ գործադիր իշխանության ներկայացուցիչներ, նաեւ այլ անձինք, որոնք պաշտոն չունեն:

«Սահմանադրական նոր կարգավորումներով, թեեւ կառույցի անունը մնացել է նույնը, գուցե պետք էր կոչել Պաշտպանության խորհուրդ, բայց այն հիմա բոլորովին այլ մարմին է, որը պետական կառավարման մարմին է:

Երբ ասում են, որ Անվտանգության խորհրդում պետք է լինեն ՀՀ նախագահը, ԱԺ նախագահը, Գլխավոր դատախազը, ՍԴ նախագահը, ապա պետք է ասեմ, որ այդ մարմինների մասին օրենքներն են նրանց արգելել որեւէ այլ մարմնում պաշտոն զբաղեցնելու»,-ասաց Հրայր Թովմասյանը:

Բացի այդ, ըստ նրա, եթե այս օրենքով այդ մարդկանց թույլ տրվեր լինել Անվտանգության խորհրդի անդամ, դա կհակասեր իշխանության թեւերի տարանջատման սկզբունքին, որովհետեւ Անվտանգության խորհուրդը գործադիր իշխանության մարմին է: «Գործադիր իշխանությանն է վերապահված պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղությունների որոշումը: Սրանով է պայմանավորված այն կազմը, որը սահմանված է օրենքով»,-ասաց նա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Անվտանգության խորհրդի կազմավորման եւ գործունեության մասին» մասին օրենքի նախագծով նախատեսվում է, որ Անվտանգության խորհուրդը գլխավորում է վարչապետը: Անվտանգության խորհրդի անդամներն են լինելու բացի վարչապետից, նաեւ առաջին փոխվարչապետը, փոխվարչապետները, Անվտանգության խորհրդի քարտուղարը, պաշտպանության նախարարը, արտաքին գործերի նախարարը, ազգային անվտանգության ծառայության տնօրենը, ոստիկանության պետը, զինված ուժերի գլխավոր շտաբի պետը:

Անվտանգության խորհրդում այլեւս չեն լինելու ՀՀ նախագահն ու Ազգային ժողովի նախագահը, որոնք կան ներկայումս գործող Անվտանգության խորհդրում:

Ըստ այդմ, սահմանվել է, որ Անվտանգության խորհրդի հիմնական լիազորությունը պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղությունները որոշելն է: