Հայաստանը կարեւոր եւ հետաքրքրիր օրինակն է այն բանի, թե ինչպես է մի երկրին հաջողվում համաձայնագիր կնքել երկու տարբեր տնտեսական միությունների հետ եւ հաջողությամբ դրանք համատեղել։ Այս մասին փետրվարի 8-ին՝ «ԵՄ-ի եւ ԵՏՄ-ի միջեւ համագործակցության հեռանկարները եւ հնարավորությունները» թեմայով քննարկման ժամանակ հայտարարել է Ֆրիդրիխ Էբերտ հիմնադիրամի Եվրոպայում համագործակցության եւ խաղաղության հարցերով գրասենյակի հետազոտող Ալեքսանդրա Վասիլեւան։

Վասիլեւան պարզաբանել է, որ Հայաստանին հաջողվել է դառնալ Եվրասիական տնտեսական միության լիիրավ անդամ, ինչպես նաեւ համապարփակ գործընկերության շրջանակային համաձայնագիր կնքել ԵՄ-ի հետ, որը համագործակցության լայն շրջանակ է ստեղծել։

«Ես հետեւյալ թեզն եմ առաջարկում՝ անհրաժեշտ է Եվրամիության եւ Եվրասիական միության համագործակցությունը եւ դրա համար ես կբերեմ մի քանի օրինակ»,-նշել է փորձագետը։

Դրանց թվում նա նշեց այն, որ Եվրամիությանը բաժին է հասնում միջազգային առեւտրի 12 տոկոսը, իսկ ԵՏՄ-ն, որը լրիվ այլ տեսակի տնտեսական միություն է, գտնվում է նույն մակարդակին, ինչ Լատինական Ամերիկան՝ միջազգային առեւտրի 9,8 տոկոս մասնաբաժնով։ Եթե ԵՄ-ի ու ԵՏՄ-ի երկրները ստեղծեն միասնական տնտեսական գոտի, ապա համաշխարհային առեւտրի զգալի մասը բաժին կընկնի այս շուկաներին։

Միաժամանակ Վասիլեւայի խոսքով՝ ԵՏՄ անդամ երկրներն առեւտրի ոլորտում բավականին ակտիվորեն համագործակցում են հենց ԵՄ-ի հետ, եւ վերջինս, ըստ էության, հանդիսանում է նրանց գլխավոր առեւտրային գործընկերը, իսկ ներքին ապրանքնաշրջանառությունը ԵՏՄ-ի ներսում շատ ցածր է։

Բացի այդ, փորձագետը ընգծել է, որ ԵՄ-ի եւ Ռուսաստանի հարաբերությունների վատթարացման պատճառով զգալիորեն տուժում են փոքր երկրները, օրինակ՝ Հայաստանը, սակայն Հայաստանի պարագայում իրավիճակը շտկվում է հենց նրանով, որ նա համագործակցում է երկու կառույցների հետ էլ, նույնիսկ դրանցից մեկում լիիրավ անդամ է։