Հայաստանի Հանրապետության կառավարությունը չեղյալ է հայտարարել  մինչեւ 70 միլիոն դրամի չափով պետական գնումների դեպքում մրցույթների կանոնները խախտած ընկերությունների նկատմամբ միակողմանի տուգանքների կիրառումը: 2017 թվականի մայիսի 4-ի կառավարության որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին համապատասխան նախագիծը հաստատվեց փետրվարի 8-ին կայածաց ՀՀ կառավարության նիստի ժամանակ: Ծրագիրը ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:

Ըստ նրա՝ այս տուգանքի կիրառումը զուտ ֆորմալ բնույթ էր կրում եւ չէր ծառայում իր նպատակին:

«Հասարակական կազմակերպությունները եւս հաճախ հայտարարում էին, որ միջոցառումը չափազանց խիստ է, մասնավորապես, եթե որեւէ մասնակից աննշան խախտում է արել, ապա ավտոմատ կերպով դուրս է մնում մրցույթից, ինչը չի համապատասխանում մրցակցության ապահովման պայմաններին»,- նշեց նախարարը:

Ըստ վերջինիս՝ խիստ է նաւ մրցույթին չմասնակցելու դեպքում ընկերության՝ սեւ ցուցակում հայտնվելու դրույթը:

Վարդան Արամյանը հայտնեց, որ նախագիծը պատվերի ապահովման համար նվազագույն ժամկետ է սահմանում`20 օր: «Շատ հաճախ պատվիրատուները պահանջում են առաքումը շատ կարճ ժամանակում իրականացնել, ինչը արհեստական խոչընդոտներ է ստեղծում մրցույթի մասնակիցների համար, հատկապես եթե ապրանքը ներմուծվում է», - ասաց նա:

Մեկ այլ նորարարություն է ապրանքային նշանի ներկայացումը եւ արտադրողի ու ծագման երկրի մասին տեղեկատվության տրամադրումը: Բացի այդ,  պայմանագրի կատարման փուլում մրցույթն անցած ընկերություններից կպահանջվի համապատասխանության հավաստագիր ներկայացնել, եթե դրանք կիրառելի են ներկայացված ապրանքների դեպքում: Պայմանագրի կատարման փուլում երկրի ծագման վկայական չի պահանջվում: