Իշխանության հիմքերի հիմքը իշխանության թեւերի տարանատման սկզբունքն է, եւ օրենսդիր իշխանության գործառույթը չէ մտնել գործադիր կամ դատական իշխանության ուղղակի գործողության ոլորտ: Այս մասին, այսօր՝ փետրվարի 8-ին, ԱԺ-ում «Անվտանգության խորհրդի կազմավորման եւ գործունեության մասին» օրենքի նախագծի առաջին ընթերցմամբ քննարկման ժամանակ նշեց ԱԺ փոխնախգահ Էդուարդ Շարմազանովը:

Նրա խոսքով, սխալ է պնդել, որ երկրի նախագահը պետք է անպայման լինի ԱՆվտանգության խորհրդի կազմում. «Սխալ է ասել ինչու պետության գլուխը համարվող նախագահը չկա Անվտանգության խորհրդում: Պետության գլուխ չի նշանակում, որ նա առաջին ջութակն է: Բոլոր խորհրդարանական համակարգերում նախագահն ակտիվ քաղաքական առաջին ջութակ չէ: Նա Սահմանադրության երաշխավորն է եւ ունի Սահմանադրությամբ իր վրա դրված ֆունկցիաները, որը պետք է հանգիստ իրականացնի: Այո, առաջին խաղացողը դառնում է գործադիրի ղեկավարը: Այդպես է Գերմանիայում, Հունաստանում եւ Իտալիայում: Որեւէ մեկը գիտի՞ ով է Հունաստանի նախագահը, Իտալիայի նախագահը, չգիտեք, փոխարենը գիտեք, թե ով է այդ երկրների վարչապետը»,-ընդգծեց Շարմազանովը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Անվտանգության խորհրդի կազմավորման եւ գործունեության մասին» մասին օրենքի նախագծով նախատեսվում է, որ Անվտանգության խորհուրդը գլխավորում է վարչապետը: Անվտանգության խորհրդի անդամներն են լինելու բացի վարչապետից, նաեւ առաջին փոխվարչապետը, փոխվարչապետները, Անվտանգության խորհրդի քարտուղարը, պաշտպանության նախարարը, արտաքին գործերի նախարարը, ազգային անվտանգության ծառայության տնօրենը, ոստիկանության պետը, զինված ուժերի գլխավոր շտաբի պետը:

Անվտանգության խորհրդում այլեւս չեն լինելու ՀՀ նախագահն ու Ազգային ժողովի նախագահը, որոնք կան ներկայումս գործող Անվտանգության խորհրդում:

Ըստ այդմ, սահմանվել է, որ Անվտանգության խորհրդի հիմնական լիազորությունը պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղությունները որոշելն է: