«Կրպակ» սուպերմարկետից 1 շիշ օղու հափշտակության  գործով ամբաստանյալը մահացել է: ՀՀ  Քննչական  կոմիտեի լրատվական բաժնից NEWS.am-ին հայտնեցին, որ Մինսկի փողոցին հարակից անվադողերի արտադրամասի տարածքում՝ ճահճաջրերի մեջ հայտնաբերված 63-ամյա մերկ տղամարդը Նորայր Մելքոնյանն է, ով  «Կրպակ» սուպերմարկետից 1 շիշ օղու հափշտակության  գործով ամբաստանյալ էր հանդիսանում:

Քննչական կոմիտեից հայտնեցին, որ կատարված դիահերձման արդյունքում դատաբժիշկները որպես մահվան նախնական պատճառ նշել են սուր սրտային անբավարարությունը, չափավոր արտահայտված աթերոսկլերոզը, կարդիոսկլերոզը:

Նշենք, որ նշված գործով դատական նիստերը 7 ամիս շարունակ չէին կայանում ամբաստանյալի չներկայանալու պատճառով:

Ըստ մեղադրանքի` Նորայր Մելքոնյանը 2017 թվականի մայիսի 10-ին, անցնելով Տիգրան Մեծի պողոտայում գտնվող «Կրպակ» սուպերմարկետի կողքով, մտադրվել է այնտեղից հափշտակել օղի: Իրականացնելով հանցավոր մտադրությունը` Նորայր Մելքոնյանը մտել է «Կրպակ» սուպերմարկետ, մոտեցել օղու վաճառքի բաժին, այնտեղից վերցրել և բաճկոնի տակ թաքցրել 1050 ՀՀ դրամ արժողությամբ, 0.5 լիտր ծավալով «Ներուշիմիյ Սոյուզ» տեսակի օղի, այն ցանկացել է գաղտնի հափշտակել, ինչը նկատել են սուպերմարկետի աշխատակիցները, ովքեր հրահանգել են կանգնել, իսկ Նորայր Մելքոնյանը, գիտակցելով իր գործողությունների բացահայտ լինելը` դիմել է փախուստի, սակայն բռնվել է մուտքի դռան մոտ գտնվող քաղաքացիների կողմից` իր կամքից անկախ հանգամանքներում չկարողանալով ավարտին հասցնել ուրիշի գույքի բացահայտ հափշտակությունը: