«Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումը ժամանակավոր արգելելու մասին» օրենքի նախագծով նախատեսվում է ապրիլի 1-ից մինչեւ հոկտեմբերի 1-ը ժամաանակավոր արգելել աջ ղեկով մեքենաների ներմուծումը Հայաստան: Այս մասին, այսօր՝ փետրվարի 8-ին, ԱԺ-ում հիշյալ օրինագիծը ներկայացնելիս նշեց Տրանսպորտի, կապի, տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Գագիկ Գրիգորյանը:

Նրա խոսքով, քանի որ «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքով սահմանվում է, որ Հայաստանում սահմանված է տրանսպորտային միջոցների աջակողմյան երթեւեկություն, հետեւաբար, ՀՀ-ում աջ ղեկով մեքենաների շահագործումը երթեւեկության համար վտանգ է ներկայացնում, քանի որ  աջակողմյան երթեւեկության դեպքում տրանսպորտային միջոցի վարորդը ունի սահմանափակ տեսանելիություն, մասնավորապես, կանգառի կամ կայանման վայրից տրանսպորտային միջոցի շարժումն սկսելու, երթեւեկության գոտի վերադասավորվելու, երթեւեկության ուղղությունը փոփոխելու, վազանց կատարելու եւ այլ դեպքերում:

Փոխնախարարի խոսքով, որոշվել է աջ ղեկով մեքենաների ներմուծումն արգելել ապրիլի 1-ից, որպեսզի այն անձինք, որոնք արդեն պատվիրել են աջ ղեկով մեքենաներ, որոնք արդեն ճանապարհին են, հասցնեն ներմուծել ու ֆինանսական խնդիրներ չունենալ:

«Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանն այս առնչությամբ նշեց. «Եթե այս սահմանափակումը մտցնելու նպատակը անվտանգությունն է, դուք գիտեք, որ հիմա կարելի է մեքենայի ձախ հայելու վրա դնել տեսախցիկ ու ունենալ ավելի մեծ տեսադաշտ, քան ձախ ղեկով մեքենայի վարորդն ունի:

Միաժամանակ, աջ ղեկով մեքենաները 10 տարով ավելի թարմ են, քան ձախ ղեկով մեքենաները: Ճապոնիայից ներկրած մեքենաները նաեւ 5 անգամ ավելի անվտանգ են, քան Գերմանիայից ներմուծված, բարոյապես ու ֆիզիկապես մաշված ավոտմեքենաները»,-ասաց Զեյնալյանը:

Նրա խոսքով, եթե խնդիրը միայն անվտանգությունն է, ապա կարող ենք տեսանելիությունն ապահովել ձախ հայելու վրա տեսախցիկ տեղադրելով, եր մենք կունենանք էկոլոգիապես ավելի մաքուր եւ ավելի թարմ ու անվտանգ մեքենաներ: