Չինաստանի ազդեցության մեծացումը միջազգային տնտեսությունում, մասնավորապես՝ առևտրի ոլորտում, ինչպես Եվրոպայում, այնսպես է հետխորհրդային տարածքում լրացուցիչ փաստարկ է ԵՄ-ի եւ ԵԱՏՄ-ի ջանքերն ու ներուժը համախմբելու համար:  Այս մասին փետրվարի 8-ին «Եվրամիության եւ ԵԱՏՄ-ի միջեւ համագործակցության հեռանկարները եւ հնարավորությունները» թեմայով քննարկումից հետո NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի՝ Եվրոպայում խաղաղության եւ համագործակցության հարցերով հետազոտող Ալեքսանդրա Վասիլեւան:

Ընդ որում, փորձագետը նշեց, որ ամբողջությամբ սահմանելու համար, թե ինչ է իրականում Չինաստանը Եվրոպայի համար՝ տնտեսական գործընկեր, թե մրցակից, որոշ ժամանակ կպահանջվի:

«Ես ինքս դեռ լիովին չեմ հասկանում, թե որքանով է Չինաստանը ռազմավարական գործընկեր հանդիսանում կամ հակառակը` մրցակից: Այստեղ ամեն ինչ այդքան էլ  միանշանակ չէ: Կարծիքները տարբեր են, եւ ժամանակը ցույց կտա»,- պարզաբանեց Վասիլեւան:

Միաժամանակ, ինչպես նշեց փորձագետը, Չինաստանի տնտեսական ներուժի եւ ազդեցության աճը միջազգային ասպարեզում ակնհայտ եւ բավականին նկատելի է: Այս փաստը կարող է յուրօրինակ կատալիզատոր դառնալ Մոսկվայի եւ Բրյուսելի միջեւ գոյություն ունեցող քաղաքական հակասությունների արագ լուծման համար՝ դրանով իսկ նպաստելով երկու կողմերի տնտեսական ջանքերի միավորմանը՝ Չինաստանի տնտեսական ընդլայնմանն առավել արդյունավետ կերպով հակազդելու համար: Այնուամենայնիվ, Վասիլեւան գտնում է, որ զարգացման այլ ձեւ ևսկա, որի մեջ կարող է ներգրավված լինել հենց Չինաստանը:

«Պետք է տեսնել, թե իրականում ինչպես կիրագործվի «Մետաքսի ճանապարհի» այս հավակնոտ նախագիծը: Այստեղ նույնիսկ կարող է որոշակի սիներգիա առաջանալ, եւ պարտադիր չէ, որ դա մրցակցությունը լինի Չինաստանի հետ: Դե, այստեղ արդեն ժամանակը ցույց կտա: Ես դեռ չեմ համարձակվի դատողություններ անել»,- եզրափակեց փորձագետը: