Հանրապետական կուսակցության թեկնածու Արմեն Սարգսյանի «նախընտրական» քարոզարշավը արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ նախատեսվում է հաջորդ շաբաթ։ Առայժմ ծրագրվում է հանդիպում ՀՀ հիմնադիր նախագահ Լեւոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Հայ ազգային կոնգրեսի հետ։

NEWS.am–ի հետ զրույցում Արմեն Սարգսյանի գրասենյակի պատասխանատու Հասմիկ Պետրոսյանը չի հայտնել՝ երբ է նախատեսվում հանդիպումը, Լեւոն Տեր–Պետրոսյանը համաձայնե՞լ է արդեն, թե ոչ, նա շեշտել է, որ դեռեւս ծրագրվում է։ Իսկ մինչ այդ Արմեն Սարգսյանը կմեկնի Արցախ։ Վաղը «Ծառուկյան» եւ «Ելք» խմբակցությունների հետ հանդիպումից հետո ՀՀԿ–ի թեկնածուն կուղեւորվի Արցախ։

Հիշեցնենք, որ Կոնգրեսի անդամ, նախկին պատգամավոր Արամ Մանուկյանը ավելի վաղ NEWS.am–ի հետ զրույցում անդրադառնալով Արմեն Սարգսյանի առաջադրվելուն՝ հայտարարել էր, որ Արմեն Սարգսյանը եթե ցանկանում է զբաղեցնել նախագահի պաշտոնը, ապա նա պետք է ներկայացնի Ղարաբաղյան խնդրի կարգավորման վերաբերյալ իր ծրագիրը կամ հայտնի իր մոտեցումը՝ անկախ իր լիազորությունների ու լծակների շրջանակից։ Ի դեպ, Արմեն Սարգսյանը հանդիպումներն ավարտելուց հետո պետք է Սերժ Սարգսյանին վերջնականապես պատասխանի՝ ընդունում է առաջադրվելու առաջարկը, թե ոչ։