Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում զինծառայող է զոհվել: Պաշտպանության բանակի զինծառայող Հայկ Քալանթարյանը մահացու հրազենային վիրավորում է ստացել փետրվարի 7-ին, հակառակորդի արձակած կրակոցից:

19-ամյա զինծառայողը Տավուշի մարզի սահմանամերձ Նավուր գյուղից էր, ծառայության էր մեկնել մեկ տարի առաջ: Հայկը ծանր սոցիալական պայմաններում ապրող ընտանիքից էր: Համագյուղացիները պատմում են, որ մինչ ծառայության մեկնելը տղան աշխատում եւ օգնում էր ընտանիքին: Հայկը Քալանթարյանների ավագ որդին էր. կրտսեր քույր եւ եղբայր ունի: Ժամկետային զինծառայողի սպանության դեպքով քրեական գործ է հարուցվել:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Հայաստանում են: Իգոր Պոպովը, Ստեֆան Վիսկոնտին, Էնդրյու Շոֆերն ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը մինչ այդ Բաքվում էին, ավելի ուշ նաեւ Ստեփանակերտ կմեկնեն: Այսօր նրանց Երեւանում ընդունել է Հայաստանի արտգործնախարարը: Էդվարդ Նալբանդյանը եռանախագահների հետ խոսել է երեկ շփման գծում հրադադարի խախտման հերթական դեպքի մասին, որի հետեւանքով հայ զինծառայող է զոհվել՝ 19-ամյա Հայկ Քալանթարյանը: Նախարարն ընդգծել է, որ սադրիչ գործողություններից Բաքվին հետ չի պահում նույնիսկ տարածաշրջանում եռանախագահների ներկայությունը: Նալբանդյանի կարծիքով՝ սա ցուցադրում է Ադրբեջանի արհամարհանքը Մինսկի խմբի համանախագահ երկրների նկատմամբ:

Ազգային ժողովի այսօրվա նիստը դարձյալ սկսվել է նախօրեին քննարկված օրինագծերի քվեարկությամբ: Հետո արդեն պատգամավորներն անցել են արտահերթ նիստի օրակարգին: Հիշեցնենք, որ այն հրավիրվել է կառավարության նախաձեռնությամբ՝ օրակարգային 7 հարցով: Բուռն քննարկումներ են ծավալվել նախագահի լիազորությունների կրճատման առիթով. ամբողջությամբ կառավարման խորհրդարանական համակարգի անցնելուց հետո որոշ լիազորություններ կանցնեն վարչապետին: Օրինակ՝ նախագահը ներում շնորհելու իրավունք չի ունենա, չի լինի անվտանգության խորհրդի կազմում: Էդմոն Մարուքյանը տարակուսում է. գուցե Սահմանադրությամբ ընդհանրապես նախագահի ինստիտուտ չնախատեսեինք, եթե նրան որեւէ իրական լիազորություն չէինք տալու:

Նիկոլ Փաշինյանն էլ խոսել է առաջին փոխվարչապետի ինստիտուտի ներդրման մասին: Սահմանադրությունը նման բան չի նախատեսում, բայց հիմա խոսվում է, որ այդ պաշտոնը ստեղծվելու է Կարեն Կարապետյանի համար. Փաշինյանը սա խրախուսական մրցանակ է համարում՝ Մոսկվայից եկած Կարապետյանին «չորով քցելու» դիմաց: Խրախուսական մրցանակ ունի նաեւ ժողովուրդը՝ Մեծ Բրիտանիայից եկած ժպտացող դեսպանի տեսքով, որին նույնիսկ տեղ չեն տալու Բաղրամյան 26-ում: Այս փոփոխությունները «հիմնավորելիս» Էդուարդ Շարմազանովը նորից եվրոպական երկրների օրինակն է բերել:

Պակաս թեժ չի եղել «Հանրային խորհրդի մասին» օրինագծի քննարկումը. այս դեպքում էլ ակտիվ են եղել «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները: Գեւորգ Պետրոսյանն այն «պարապների միություն» է կոչել, Նաիրա Զոհրաբյանն էլ «մեռելածին» կառույց որակել, քանի որ, ըստ պատգամավորի, այս երկրում ոչ ոք, այդ թվում՝ վարչապետն ու նախագահը, խորհրդի կարիք չունի

Կառավարության անդամներն այսօր հերթական նիստին էին հավաքվել: Վարչապետի առաջին հանձնարարականը վերաբերել է ոռոգելի հողատարածքներին: Առաջարկել է հողօգտագործման խթանման վերաբերյալ առաջարկներ մշակել: Կարեն Կարապետյանին անհանգստացնում է այն, որ, օրինակ, Արարատյան դաշտավայրում կան ոռոգելի հողատարածքներ, որոնք լիարժեք չեն օգտագործվում: Պետգույքի կառավարման վարչությունն էլ արձանագրել է. պետական մարմիններն ունեն գույք, որն արդյունավետ չի օգտագործվում կամ չի օգտագործվում ընդհանրապես, մինչդեռ դրա պահման ծախսերը բյուջեից է հատկացվում: Վարչապետն առաջարկում է վաճառել այդ գույքը կամ անհատույց օգտագործման տրամադրել:

Կառավարությունը դեմ է բոլոր զինծառայողներին գույքահարկից ազատելուն: Նման օրենսդրական նախաձեռնությամբ հանդես են եկել «Ելք» խմբակցության պատգամավորները, ընդ որում՝ արդեն երկրորդ անգամ: Գործադիրում, սակայն, կարծում են, որ առաջարկվող օրինագիծը զինծառայողներին որեւէ սոցիալական երաշխիք չի տա: Այսօրվա նիստին նույնպես քննարկումների համար լրացուցիչ օր խնդրելու ավանդույթը չի խախտվել: Շավարշ Քոչարյանը, սակայն, գերազանցել է բոլորին:

Ադրբեջանցի «օրենքով գող»-ն «ահաբեկում» է Ուկրաինայի քաղաքացիներին: Նադիր Սալիֆովը 25 տարի բանտում է անցկացրել, իսկ հիմա Թուրքիայում է բնակվում: Այնտեղից Սալիֆովը փորձում է ընդլայնել ուկրաինական քրեական շրջանակների վրա ազդեցությունը: Եվ այս ամենը՝ բանջարեղենի շուկաները վերահսկելու համար: «Օրենքով գողի» ազատ արձակվելուց հետո Ուկրաինայի տարածքում բանջարեղենի շուկայում առեւտրով զբաղվող տարբեր ազգության ներկայացուցիչներ են առեւանգվում, հիմնականում՝ հայեր եւ ուկրաինացիներ: Նրանց ազատ արձակելու համար Սալիֆովը մեկ եւ ավելի միլիոն դոլար է պահանջում: Հետաքրքիր է այն, որ ադրբեջանցին փրկագինը բիթքոինով է պահանջում:

Մոսկվայում ձերբակալվել է հայազգի հայտնի գործարար Օլեգ Մկրտչյանը: Նրան մեղադրում են պետական բանկերի տրամադրած միջոցները յուրացնելու մեջ: Խոսքը, մասնավորապես, Վնեշէկոնոմբանկի վարկային միջոցների մասին է, որոնք օգտագործվել են Դոնբասի արդյունաբերական միության զարգացման եւ Ռուսաստանում Մկրտչյանին պատկանող այլ ձեռնարկությունների համար: Գործարարը երկու ամսով կալանավորվել է: 2016 թվականին ուկրաինական Forbes-ն Օլեգ Մկրտչյանին ներառել էր Ուկրաինայի ամենահարուստ գործարարների ցանկում. նա 127 մլն դոլար ունեցվածքով զբաղեցրել էր վարկանիշի 33-րդ տեղը: Նշենք, որ Մկրտչյանը կապ ուներ Հայաստանի, Ուկրաինայի եւ Ռուսաստանի ֆուտբոլային ակումբների հետ: Հայաստանում նրան էր պատկանում «Բանանց»-ը, իսկ Ռուսաստանում օգնում էր «Կուբան» ակումբին: Երբ Դոնեցկի «Շախտյորը» Դորտմունդի «Բորուսիային» էր վաճառում Հենրիխ Մխիթարյանին, ֆուտբոլիստի հանդեպ իրավունքների 50 տոկոսը պատկանում էր Օլեգ Մկրտչյանին: Այդ անցումը գերմանական ակումբի պատմության ամենաթանկ տրանսֆերներից էր, որից Օլեգ Մկրտչյանը 27.5 մլն եվրո է ստացել:

Փետրվարի 8-ին դոլարն ու եվրոն էժանացել են: Դոլարի փոխարժեքը կազմել է 481 դրամ, եվրոյինը՝ 589, ռուբլունը՝ 8 դրամ 32 լումա, ֆունտինը՝ 667 դրամ:

Փետրվարի 9-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երեւանում նույնպես վաղը տեղումներ չեն սպասվում: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +2+4, ցերեկը՝ +13+15 աստիճան տաքություն: