Փետրվարի 8-ին Երեւանում Գարնան տոնի՝ չինական նոր տարու պատվին ընդունելություն է տեղի ունեցել:

ՀՀ-ում Չինաստանի դեսպանատան կողմից կազմակերպված միջոցառմանը ներկա են եղել ՀՀ ԱԳ փոխնախարար Արմեն Պապիկյանը, խորհրդարանականներ, քաղաքագետներ, Չինաստանի դեսպանատան ներկայացուցիչներ:

Ողջունելով հյուրերին՝ Չինաստանի դեսպան Տյան Էրլունը ներկաներին շնորհավորել է լուսնային օրացույցով Երկրային շան Նոր տարին: Դեսպանը շեշտել է, որ անցյալ տարին շատ կարեւոր էր Չինաստանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների զարգացման տեսանկյունից:

«Երկրները նշեցին դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը: Հիմք ընդունելով մեր ժողովուրդների ավանդական բարեկամությունը՝ մենք հույս ունենք տարբեր բնագավառներում համագործակցությունը ամրապնդել », - ասել է նա` ընդգծելով, որ 2017-ին ինտենսիվ փոխայցելություններ են տեղի ունեցել:

Դեսպանը նաեւ նշել է, որ անցյալ տարի երկրների միջեւ ռեկորդային ապրանքաշրջանառություն  է գրանցվել`ավելի քան 600 մլն դոլար:

ՀՀ փոխարտգործնախարար  Արմեն Պապիկյանն իր հերթին նշել է, որ երկրների միջեւ հարաբերությունները որակապես նոր մակարդակի են հասել, ինչպես նաեւ հաջողությամբ իրականացվում են երկու երկրների նախագահների ձեռք բերած պայմանավորվածությունները: