Կտեսնեք, որ ՀՀԿ-ի նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի հետ հանդիպումը ձեւական չի լինի։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում վստահեցրեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը: Ի դեպ՝ նա արդեն մեկ հարց պատրաստել է ՀՀԿ-ի թեկնածուի համար։ Ավելի վաղ մեզ հետ զրույցում պատգամավորն ասել էր, թե Արմեն Սարգսյանի մասին իր ունեցած տեղեկությունները համացանցում կարդացած լուրերի մակարդակով են։ Այս անգամ էլ նույնը պնդեց:

«Արմեն Սարգսյանին տրվելիք հարցերը պայմանավորված են իր ասելիքով, հասկացանք, որ նրա լիազորությունները սահմանափակ են, բայց ի վերջո հանրապետության նախագահը հետեւում է Սահմանադրության պահպանմանը, սա շատ տարողունակ իրավասություն է։ Ինձ հետաքրքիր է՝ նա ինչպե՞ս է պատկերացնում Սահմանադրությանը հետեւելու իր սահմանադրական գործառույթի իրականացումը»,- ասաց պատգամավորը՝ շեշտելով, որ հանդիպումը ձեւական չի լինելու։

«Ես ոչ մի բանի ձեւական չեմ մասնակցելու։ Կտեսնեք, որ ձեւական չի լինելու այդ հանդիպումը։ Այն անձը, որ համաձայնելու է զբաղեցնել այդ պաշտոնը, ակնկալում եմ, որ պատկերացնում է իր ծանր անելիքները»,- հավելեց Պետրոսյանը:

Նշենք, որ «Ծառուկյան» խմբակցության հետ հանդիպումը նախատեսված է վաղը։ Ի դեպ՝ խմբակցության ղեկավարը կհանդիպի թեկնածուին առանձին, խմբակցությունը՝ առանձին։ Միաժամանակ, արդեն որոշված է, որ կողմ են քվեարկելու։