«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը կորցրել է իր եկամտի աղբյուրների մի զգալի մասը, սակայն շարունակում է «վերալիցքավորման նոր աղբյուրներ» փնտրել, օրինակ՝ գումար վաստակելով առցանց խանութներում եւ խաղատներում: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզիան, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը:

Դիվանագետի խոսքով՝ 2017 թվականի վերջին խմբավորումը նավթի եւ գազի անօրինական շրջանառությունից ամսական 2 միլիոնից ավել եկամուտ չի ստացել, ընդ որում, ահաբեկիչների ընդհանուր եկամուտն ընկել է մինչեւ 3 միլիոն դոլար: «ԻՊ» անդամները «ՌԴ օդային-տիեզերական ուժերի աջակցությամբ սիրիական բանակի հաջող գործողությունների շնորհիվ» կորցրել են ածխաջրածինների եւ դրանց տեղափոխման ու վաճառքի ուղիները, ընդգծեց նա:

Համաշխարհային բանկի ուսումնասիրության համաձայն՝ 2014-2015 թվականներկն «ԻՊ»-ն նավթի վաճառքից շաբաթական կարող էր մինչեւ 28 մլն դոլար ստանալ: Խմբավորման ընդհանուր եկամուտը 1,9 միլիարդ դոլար է գնահատվել, իսկ 2016 թվականին՝ 870 միլիոն դոլար: