Հայաստանի խորհրդարանը այսօր՝ փետրվարի 9-ին, 89 կողմ, 7 դեմ ձայներով առաջին ընթերցմամբ ընդունեց «Անվտանգության խորհրդի կազմավորման եւ գործունեության մասին» օրենքի նախագիծը:

Նախքան քվեարկությունը «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ այս օրենքն ընդունելով մենք գնում ենք սուպերվարչապետության, Անվտանգության խորհրդից դուրս ենք թողնում ՀՀ նախագահին, ԱԺ նախագահին, ինչն անթույլատրելի է: Նա տեղեկացրեց, որ «Ելք»-ը դեմ է քվեարկելու օրինագծին:

Նույն խմբակցությունից Արամ Սարգսյանն էլ նշեց. «ՀՀ նախագահը, ԱԺ նախագահը եւ վարչապետը երկրի դեմքերն են, նույն կարգի ճանաչում ունեն, ինչպես դրոշն ու զինանշանը եւ պետք չի այդ մարդկանց զրկել պատասխանատվությունից: Անվտանգության խորհուրդը ֆորսմաժորային իրավիճակների համար է եւ այն ընկալումը, որ կա օրենքը բերողների մոտ, իրենք չեն մասնակցել Անվտանգության խորհրդի որեւէ նիստի, հետեւաբար, չեն պատկերացնում, թե դա ինչի համար է»:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը հայտարարեց, որ իրենց խմբակցությունը կողմ կքվեարկի նախագծին:

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը եւս արտահայտվեց՝ նշելով. «Խնդրում եմ Սահմանադրությամբ մեզ տրված կարգավիճակը չիջեցնել, մենք հանդիսանում ենք բարձրագույն մարմին եւ ունենք վերահսկողական կարգավիճակ կառավարության գործունեության վրա: Մենք չենք կարող գնալ, մաս կազմել այդ գործունեությանը, որը պետք է վերահսկենք»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Անվտանգության խորհրդի կազմավորման եւ գործունեության մասին» մասին օրենքի նախագծով նախատեսվում է, որ Անվտանգության խորհուրդը գլխավորում է վարչապետը: Անվտանգության խորհրդի անդամներն են լինելու բացի վարչապետից, նաեւ առաջին փոխվարչապետը, փոխվարչապետները, Անվտանգության խորհրդի քարտուղարը, պաշտպանության նախարարը, արտաքին գործերի նախարարը, ազգային անվտանգության ծառայության տնօրենը, ոստիկանության պետը, զինված ուժերի գլխավոր շտաբի պետը:

Անվտանգության խորհրդում այլեւս չեն լինելու ՀՀ նախագահն ու Ազգային ժողովի նախագահը, որոնք կան ներկայումս գործող Անվտանգության խորհրդում:

Ըստ այդմ, սահմանվել է, որ Անվտանգության խորհրդի հիմնական լիազորությունը պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղությունները որոշելն է: