Եթե Սերժ Սարգսյանն ի հեճուկս իր խոստման, որոշի առաջադրվել վարչապետի թեկնածու, դա կարող է կտրուկ սրել Հայաստանում ներքաղաքական իրավիճակը: Այս մասին, այսօր՝ փետրվարի 9-ին, ԱԺ-ում հայտարարեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:

Նա նկատեց, որ ինքը դեռ նախօրեին պնդում է արել, որ ՀՀԿ-ն պատրաստվում է Սերժ Սարգսյանին առաջադրել վարչապետի պաշտոնում, ինչը հանրապետականները չեն հերքել:

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը դեռեւս 2015 թվականին հայտարարել էր, որ եթե Հայաստանն անցնի խորհրդարանական կառավարման, ապա ինքը չի հավակնի վարչապետի պաշտոնին: Իսիկ արդեն այս տարի, իր քաղաքական ապագայի վերաբերյալ հարցին Սերժ Սարգսյանը պատասխանել էր, որ դեռ որոշում չի կայացրել: