Ապօրինի ծառահատումների դեպքերով հարուցված քրեական գործերի շրջանակում 2017թ.-ին քրեական հետապնդում է իրականացվել 23 պաշտոնատար անձի նկատմամբ: Այս մասին այսօր՝ փետրվարի 9-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ ներկայացնելով 2017թ.-ի ցուցանիշները:

Արթուր Դավթյանի խոսքով, ապօրինի ծառահատումներով նախորդ տարի իրականացվել է այնքան քրեական հետապնդում, որքան 2011-2016թթ.-ի ընթացքում:

«Ապօրինի ծառահատումներն առաջնահերթություն են մեզ համար: Ձեռնարկվելու են բոլոր միջոցները պետությանը պատճառված վնասը բացահայտելու ուղղությամբ»,- ասաց գլխավոր դատախազը:

Հիշեցնենք, որ դատախազության հանրային կապերի բաժինը նախօրեին հաղորդագրություն էր տարածել, որ 2017թ.-ի ամռանը հարուցված քրեական 4 գործերով 13 պաշտոնատար անձի է մեղադրանք առաջադրվել: Պարզվել է՝ պետությանը պատճառված վնասը կազմում է 1.5 մլրդ դրամի վնաս: